ԱԷՄԳ-ի և Իրանի փոխհարաբերությունները թեև լարված են, սակայն ունեն կառուցողականության բաղադրիչ․ Արա Մարջանյան

6 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ում էներգետիկայի գծով Հայաստանի ազգային փորձագետ Արա Մարջանյանը կարծում է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) և Իրանի փոխհարաբերությունները թեև լարված են, սակայն ունեն կառուցողականության բաղադրիչ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Արա Մարջանյանն անդրադարձավ Իրանի միջուկային ծրագրում ԱԷՄԳ-ի դերակատարությանն ու համագործակցության բույթին։ 

«ԱԷՄԳ-ի կշիռը շատ մեծ է և հանդիսանում է միջուկային զենքի չտարածման պայմանագրով նախատեսված վերահսկման մեխանիզմի հիմնական բաղադրիչը։ Իրանը, ինչպես նաև Հայաստանը, նույնպես ստորագրել են այդ պայմանագիրը և համագործակցում են տվյալ կազմակերպության հետ, ուստի վերջինս ամենակարևոր ու ամենահեղինակավոր միջազգային կառույցն է, որը կոչված է հետևել նախ միջուկային զենքի չտարածման պայմանագրի դրույթների պահպանմանը, ապա և կանոնակարգել, ուղղորդել, օժանդակել խաղաղ նպատակներով միջուկային ծրագրերի իրականացմանը։ Իրանի և ԱԷՄԳ-ի փոխհարաբերությունները թեև ունեին բարդություններ, սակայն ընթանում էին միանգամայն կառուցողական հունով»,- նշեց Մարջանյանը։

Նա հիշեցրեց, որ պարբերաբար իրականացվել են ԱԷՄԳ-ի հատուկ առաքելությունների այցերն Իրան, որոնք տեղում ստուգում էին միջուկային որոշ հարթակներ, բայց հետո առաջացան խնդիրներ և հնչեցին փոխադարձ մեղադրանքներ։  

«ԱԷՄԳ-ն հայտնեց, թե Իրանը թաքցնում է որոշ հարթակներ, Իրանն իր հերթին միջազգային կազմակերպությանը մեղադրեց իր տարածքում հետախուզական գործունեություն իրականացնելու մեջ։ Իրադրությունը կտրուկ փոխվեց անցյալ տարվա Իսրայել-Իրան 12-օրյա պատերազմի նախաշեմին, որը սկսվեց հունիսի 13-ին, ընդամենը տասը ժամ այն բանից հետո, երբ Վիեննայում տեղի ունեցավ ԱԷՄԳ-ի տնօրենների խորհրդի միացյալ նիստը։ Առաջին անգամ միջազգային կազմակերպությունն Իրանին մեղադրեց մետաղական ուրան ստանալու մեջ։ Առհասարակ մետաղական ուրանը համարվում է այն ինդիկատորը, որն աներկբայորեն մատնանշում է միջուկային զենքի ծրագրի առկայությունը։ Նույնիսկ ուրանի գեքսաֆտորիդի հարստացումն այնքան վճռորոշ դերակատարություն չունի, որքան հարստացված մետաղական ուրանի ձուլածոների առկայությունը»,- նշեց մեր զրուցակիցը։

Մարջանյանը հիշեցրեց, որ նախորդ տարվա հունիսի 12-ին հրապարակվեց ԱԷՄԳ-ի տնօրենների խորհրդի կողմից ընդունված բանաձևը, որն, ի դեպ, նախապես համարվում էր գաղտնի փաստաթուղթ։ Առաջին անգամ Իրանը մեղադրվեց մետաղական ուրան ունենալու մեջ։  

«Դա տեղի ունեցավ այն ֆոնին, երբ դրանից երեք օր առաջ հրապարակվեց ԱՄՆ-ի 17 հետախուզական գործակալությունների միասնական կարծիքը, որտեղ կար պնդում առ այն, որ Իրանը վերջին յոթ տարիներին չի իրականացրել և չի պատրաստվում իրականացնել միջուկային զենք ստեղծելու ծրագիր։ Այնուամենայնիվ, այդ ամենից հետո սկսվեց Իսրայելի հարձակումն Իրանի վրա։ Իրանն իր հերթին միանգամայն հիմնավոր կերպով դիտարկեց, որ ԱԷՄԳ-ն, ենթարկվելով Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի ճնշումներին, առաջին անգամ փոխեց իր չեզոք վերաբերմունքն Իրանի նկատմամբ և հունիսի 12-ի որոշմամբ լեգիտիմացրեց Իրանի դեմ պատերազմի սանձազերծումը, ինչից հետո Իրանն արգելեց միջազգային կազմակերպության առաքելությունների մուտքն իր տարածք։ Բայց հետագայում, այնուհետև, մեղմեց իր դիրքորոշումը և ներկայումս ասում է, որ բաց է ԱԷՄԳ-ի հետ փոխհարաբերությունների վերականգնման համար, սակայն որոշակի պայմաններով, այսինքն՝ բացառելով ճնշումներն ուրանի հարստացման ծրագրերի վրա, ինչպես նաև բացառելով հետախուզական աշխատանքների իրականացումն իր սուվերեն տարածքում»,- նշեց փորձագետը։

Նրա բնորոշմամբ՝ այս պահին թեև ԱԷՄԳ-ի և Իրանի փոխհարաբերությունները լարված են, սակայն դարձյալ ունեն կառուցողականության բաղադրիչ։

«Կարևոր է, որ կա փոխգործակցություն, գործընթացը չի դադարել, և կհաջողվի խուսափել հետագա սրացումներից։ ԱԷՄԳ-ն Իրանի և Միացյալ նահանգների բանակցություններում կարող է ներգրավվել ոչ թե որոշիչ ձայնի իրավունքով, այլ որպես մասնագիտական և փորձագիտական կողմ, ոչ որպես քաղաքական որոշումներ կայացնող կողմ»,- եզրափակեց Մարջանյանը։  

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանը քննարկում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի մասնակցությունը ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների հաջորդ փուլին։  

ԱԷՄԳ-ի տեսուչների կողմից 2025 թվականի հունիսին ԱՄՆ-ի հարվածների հետևանքով վնասված միջուկային օբյեկտներ հնարավոր այցելության առնչությամբ դիվանագետը պարզաբանել է, որ հարցը պահանջում է համաձայնություն կոնկրետ ընթացակարգի վերաբերյալ, որը պետք է մշակվի՝ հաշվի առնելով բոլոր ասպեկտները, այդ թվում՝ խորհրդարանի կողմից ընդունված օրենքը և այդ օրենքով սահմանված ընթացակարգը։ 2025 թվականի հունիսին Իսրայել-Իրան պատերազմից հետո Իրանն արգելել էր ԱԷՄԳ-ի տեսուչների մուտքը երկրի միջուկային օբյեկտներ։  

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Ֆրանսիան կիսաեզրափակիչում է

Վահե Գևորգյանը ԿԼ-ում «Ալաշկերտ»-ի առաջին խաղը հաջող է համարում

«Փյունիկ»-ը հաղթեց Կոնֆերենցիաների լիգայի մեկնարկային խաղում

Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը երևանյան ԵԱ-ի կիսաեզրափակչում է

«Ալաշկերտ»-ը ոչ-ոքի ավարտեց ԿԼ-ի որակավորման առաջին խաղը

Չարենցավանի համայնքային ոստիկանները թմրանյութ տեղադրողներին ձերբակալել են «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին

Հուլիսի 12-ին ոչ ոք չոր չի մնալու. Տիգրան Ավինյան

Քրեական ոստիկանների արդյունավետ գործողության արդյունքում հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ․-ից ավելի մեթամֆետամին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է Իրանի դեմ գործողությունները վերսկսելու պատրաստակամության մասին

ԱՄՆ-ի և Սուրբ Աթոռի պետքարտուղարները քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմին բանակցությունների միջոցով վերջ դնելու ջանքերը