ԿԳՄՍ նախարարությունը գրքեր է նվիրել Կառավարության անդամներին

3 րոպեի ընթերցում

Փետրվարի 19-ը ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, որն ավելի քան 15 տարի Հայաստանում նշվում է նաև որպես Գիրք նվիրելու օր: Տոնի շրջանակում Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Կառավարության նիստի բոլոր մասնակիցներին նվիրել է գրքեր, որոնք տարբեր տարիներին հրատարակվել են պետության աջակցությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ պետական աջակցությամբ հրատարակված գրքերի զգալի մասը Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններն են. ընդգրկվել են նաև ժամանակակից հայ գրողների աշխատանքներ, ինչպես նաև թարգմանական գրականության նմուշներ։ Նախարարն ընդգծել է, որ ընթերցանության խրախուսումը Կառավարության քաղաքականության կարևորագույն և առաջնահերթ ուղղություններից է՝ ներկայացնելով այդ նպատակով իրականացվող ծրագրերը։

«Արդեն երկրորդ տարին կազմակերպում ենք ընթերցանության օլիմպիադա 5-րդ և 6-րդ դասարանների աշակերտների համար։ Իրականացվում են ընթերցանության խրախուսման ծրագրեր՝ սկսած տարրական դպրոցից, որովհետև տեքստը կարդալու, վերլուծելու և հասկանալու հմտությունները բազային են ցանկացած ոլորտում գիտելիքն ընկալելու և յուրացնելու համար։ Դրանք առանցքային են նաև ցանկացած մասնագիտության համար»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։

Նախարարն անդրադարձել է նաև գրահրատարակչության և գրական շուկայի զարգացման քաղաքականությանը՝ ընդգծելով, որ ոլորտի խթանումը պետության առաջնահերթություններից է: Նրա դիտարկմամբ՝ այս ոլորտի զարգացման կարևոր հարթակներից է Գրքի երևանյան միջազգային փառատոնը, որը տարեցտարի ընդլայնվում է։

«Նախորդ տարի Գրքի երևանյան միջազգային փառատոնն առաջին անգամ անցկացվել է նաև մարզերում՝ Կապանում և Գյումրիում։ Փառատոնի ընթացքում գրանցվել է 18 000 գրքի վաճառք, ինչը 33 տոկոսով ավելի է, քան 2024 թվականին։ Մասնակիցների թիվը հասել է 40 000-ի՝ 2023 թվականի մասնակիցների կրկնապատիկից ավելին։ Այս ցուցանիշները վկայում են, որ ընթերցանության և գրքի նկատմամբ հետաքրքրությունը հանրության շրջանում աճում է։

Մեր քաղաքականությունն այս ուղղությամբ պետք է ոչ միայն շարունակական լինի, այլև դառնա առավել թիրախային»,- ընդգծել է նախարարը՝ հաճելի ընթերցանություն մաղթելով Կառավարության անդամներին։

Հայերեն

Սևանից այս տարի ոռոգման նպատակով բաց է թողնվել 75,3 մլն խորանարդ մետր ջուր՝ պատմական նվազագույնը. Լևոն Ազիզյան

Պեսկովը հերքել է մինչև տարեվերջ 300 հազար մարդու զորակոչելու լուրերը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են հաղթանակների շարքը համաշխարհային Օլիմպիադայում

Ոստիկանության գվարդիայի ծառայողները տարեսկզբից բացահայտել են հանցագործության շուրջ 660 դեպք

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին