Գաբրիել Սունդուկյանին նվիրված պատկերագիրքը նոր տեսանկյունից կներկայացնի մեծ դրամատուրգին

4 րոպեի ընթերցում

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հրատարակչությամբ տպագրված «Գաբրիել Սունդուկյան-200» պատկերագիրքը բազմաթիվ վավերագրերի միջոցով նորովի կբացահայտի Սունդուկյանի կենսագրությունն ու ստեղծագործական ուղին՝ թանգարանում պահվող գրողի բացառիկ հարուստ ֆոնդի հիման վրա։

Սունդուկյանի ծննդյան 200-ամյակին նվիրված գիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ փետրվարի 18-ին, ընթերցողներին է ներկայացնում հեղինակի գրական և թատերական ժառանգությունը: 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում պատկերագրքի կազմող և տեքստի հեղինակ Նաիրա Շահվալադյանը հիշեցրեց, որ Սունդուկյանի մասին քսանից ավելի ուսումնասիրություններ կան, ԳԱԹ-ի ֆոնդերի հիման վրա նաև ակադեմիական հրատարակություն է լույս տեսել, և թվում է, թե ամեն ինչ ասված է, բայց պատկերագիրքը լի է նորություններով։

Նախորդ տարի Սունդուկյանի 200-ամյակն էր, «Պեպո» պիեսի 150-ամյակն ու համանուն ֆիլմի 90-ամյակը, և թանգարանը որոշել է պատկերագրքով անդրադառնալ դրամատուրգի կյանքին ու գործունեությանը։

«Մեր ֆոնդում 10 հազարից ավելի նյութ կա։ Պատկերագրքի համար ընտրվել են այնպիսի փաստաթղթեր, նյութեր, որոնք շրջադարձային են եղել Սունդուկյանի կյանքում։ Քչերին է հայտնի, որ դրամատուրգ լինելուց բացի նա նաև ճարտարապետական նախագծեր է իրականացրել։ 1853-ից 1858 թվականներին նա աքսորված է եղել Դերբենդ, որտեղ չի եղել մշակութային կյանք՝ թատրոններ և այլն, այնինչ Պետերբուրգում սովորելիս Սունդուկյանը հաճախ է այցելել Ալեքսանդրինյան թատրոն, այդ բացը լրացնելու համար Դերբենդում Սունդուկյանը սկսել է եկեղեցիներ, փողոցներ, տներ նախագծել, որոնք կառուցվել են։ Դերբենդի եկեղեցին մինչ օրս կանգուն է և ծառայում է որպես Ժամանակակից արվեստի թանգարան։ Նա այդ շրջանում նաև աշտարակային ժամացույց է նախագծել, որը նույնպես բացառիկ երևույթ է եղել այդ ժամանակվա համար, քանի որ քառորդ ժամերին չորս զանգակ է խփվել  և այլն։ Ֆոնդերում պահպանված այդ նախագծերի լուսանկարները ևս տեղ են գտել պատկերագրքում»,-պատմեց Շահվալադյանը։

Պատկերագրքում տեղ են գտել նաև Սունդուկյանի՝ Ալեքսանդր Երկրորդ, Նիկոլայ ցարերից ստացած շնորհակալագրերը,  ատեստատները և այլ փաստաթղթեր։ Շատ հարուստ է նրա նամակների ֆոնդը։ Սունդուկյանն այնպիսի նշանավոր մարդկանց  հետ է նամակագրություն պահել, ինչպիսիք են Վիկտոր Հյուգոն, Ալեքսանդր Դյումա որդին, Ալեքսանդր Օստրովսկին և այլք։  Ուշադրության են արժանի նաև Սունդուկյանի և մոր նամակները, որոնք 200-ից ավելի են։ Նամակներում նկատվում է մոր և որդու հոգևոր կապը։

Նաիրա Շահվալադյանը պատկերագրքի վրա աշխատել է շուրջ մեկ տարի։ Խոստովանեց՝ լինելով թանգարանի երկարատև աշխատակից՝ բավականին դժվարությամբ է  10 հազար  միավորից ընտրել ամենակարևորներն ու զետեղել գրքում։

«Մեծ հաճույք ու բավականություն եմ ստացել այս աշխատանքից։ Սունդուկյանը եվրոպական մակարդակի մտավորական է։ Նրան ուսումնասիրելով հարստանում ես, մեջքդ ավելի ուղիղ և ամուր է դառնում, առավել ես գնահատում քո ակունքներն ու արմատները»,-շեշտեց Շահվալադյանը։

Գրականության և արվեստի թանգարանն իր ֆոնդերը հանրահռչակելու նպատակով կշարունակի պատկերագրքերի հրատարակումը, որոնցից յուրաքանչյուրն առավել մանրամասն կանդրադառնա թե՛ անհատների, թե՛ նմուշների և իրադարձությունների։

Սունդուկյանին նվիրված պատկերագրքի շնորհանդեսին թանգարանում բացվեց նաև գրականագետ, պատմաբան, ազգագրագետ, մանկավարժ, բանասիրական գիտությունների դոկտոր,  ՀԽՍՀ  գիտությունների վաստակավոր գործիչ  Երվանդ Շահազիզին նվիրված ցուցադրությունը, որում հնարավոր է գտնել Գևորգ Բաշինջաղյանի վրձնին պատկանող Շահազիզի տպավորիչ կտավը, լուսանկարներ, գրքեր և մի շարք հետաքրքիր հրատարակություններ։

Հայերեն

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի

Արարատում կկառուցվի 2 բազմաբնակարան շենք. 48 բնակարան կտրամադրվի քանդված շենքերի բնակիչներին

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի 26 աշխատանք ավարտվել է

Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

Կառավարությունը 43 մլն դրամ է հատկացրել «Մերիդիան» էքսպո կենտրոնի հարակից տարածքի ասֆալտապատման համար

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Մոնղոլիայի միջև վիզային համաձայնագրում փոփոխությունների վավերացմանը

ՀՀ կառավարության նիստ

Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին

Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Երևանի քաղաքապետը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին