Հայաստանի պատմության թանգարանն ընթերցողներին ներկայացրեց 2025-ին հրատարակած գրքերը

5 րոպեի ընթերցում

Գիրք նվիրելու օրվան ընդառաջ՝ փետրվարի 17-ին Հայաստանի պատմության թանգարանն ընթերցողների դատին հանձնեց 2025 թվականին հրատարակած գրքերը։

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ թանգարանը նախորդ տարի լույս է ընծայել «Զորավար Անդրանիկ - 160» գիրքը (կազմող՝ Ս․ Գալստյան), «Մայր Աստվածություն․ Անահիտից Մարիամ» ալբոմ-պատկերագրքի հայերեն տարբերակը, «20 գլուխգործոց քարեդարյան Հայաստանից» գրքույկը, «Աշխատություններ Հայաստանի պատմության թանգարանի» պարբերականի (1)15 և (2)16 համարները, «Ուժ և գեղեցկություն․ ընտրանի Հայաստանի պատմության թանգարանի Ք․ ա․ IV - Ք․ հ․ IV դարերի հավաքածուից» գիրքը։

Թանգարանի գիտահետազոտական աշխատանքի գծով տնօրենի տեղակալ Նժդեհ Երանյանի խոսքով՝ թանգարանային աշխատանքը մեծամասամբ կենտրոնանում է ցուցադրական գործընթացի վրա, սակայն Հայաստանի պատմության թանգարանի ֆոնդային հավաքածուն շատ մեծ է և հնարավոր չէ անգամ ժամանակավոր ցուցադրությունների միջոցով այն ամբողջությամբ ներկայացնել, ուստի կառույցը որոշել է հավաքածուն շրջանառության մեջ դնել տարեկան տարբեր հրատարակությունների՝ գրքերի, պատկերագրքերի միջոցով։

«Ներկայացվող աշխատանքներից երկուսը վերաբերում են ժամանակավոր ցուցադրություններին. առաջինը «Մայր Աստվածություն․ Անահիտից Մարիամ» ցուցադրության հայալեզու ալբոմ-պատկերագիրքն է, իսկ երկրորդը՝ «Սրբազան երկխոսություն. Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» նախորդ տարի բացված ցուցադրության համանուն գիրքը։ Ժամանակավոր ցուցադրությունների կատալոգները  մեր հրատարակությունների կարևոր բաղադրիչներից են, որովհետև ցուցադրություններից անցնում է որոշ ժամանակ, հիշողություններն ու հրատարակություններն են մնում»,-պատմեց Երանյանը։

Թանգարանը ևս մեկ կարևոր խնդիր է իր առաջ դրել՝ հավաքածուները կատալոգներում հրատարակել թեմատիկ կամ ժամանակագրական սկզբունքով։ Երկու նման կատալոգ ունեն՝ «Ուժ և գեղեցկություն․ ընտրանի Հայաստանի պատմության թանգարանի Ք․ ա․ IV - Ք․ հ․ IV դարերի հավաքածուից», որում թանգարանի հելլենիստական շրջանի շքեղ հավաքածուն է։ Եթե մյուս հավաքածուներն այս կամ այն չափով հրատարակված են եղել, ապա այս կատալոգում նյութերի մեծամասնությունն առաջին անգամ է  հրատարակվում։ Գրքում բարձրորակ լուսանկարներ են, հետազոտական տեքստեր։ «Հավաքածուներին է վերաբերում նաև «20 գլուխգործոց քարեդարյան Հայաստանից» գրքույկը։ Մտադիր ենք նման գրքերով շրջանառության մեջ դնել ամբողջ հավաքածուն։ Հատկապես զբոսաշրջիկների համար երբեմն գրքի ծավալը խնդիր է, իսկ գրքույկները հեշտ է տեղափոխել։ Փորձում ենք բալանսը պահել՝ հնագիտական, ազգագրական հավաքածուների, նորագույն շրջանին վերաբերող վավերագրեր, լուսանկարներ հրատարակելով։ Դրանցից է զորավար Անդրանիկի 160-ամյակին նվիրված գիրքը, որում տեղ է գտել նրան վերաբերող հավաքածուն։ Տեքստային ակնարկով ներկայացված են զորավար Անդրանիկի կյանքն ու գործունեությունը, լուսանկարներով ներկայացվում են այն նյութերը, որոնք պահվում են թանգարանում՝ զորավար Անդրանիկի անձնագիրը, ամուսնության վկայականը, նրա ձիու սանձը, թամբը և այլն»,-պատմեց Նժդեհ Երանյանը։

Անդրադառնալով «Աշխատություններ Հայաստանի պատմության թանգարանի» պարբերականի (1)15 և (2)16 համարներին՝ նա հիշեցրեց, որ վերջին համարը հրատարակվել էր 1981 թվականին։ Քառասուն տարվա դադարից հետո իրենք վերսկսել են հրատարակությունը։ «Ի պատիվ մեր թիմի՝ հոդվածագիրների, գրախոսների, աշխատությունների  15-16-րդ համարները լույս տեսան։ Վերջին երեք տարում աշխատությունները ներառված են ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի երաշխավորած ամսագրերի ցանկում։ Այն թանգարանային ոլորտի միակ ամսագիրն է Հայաստանում։ Հանդեսին հոդվածներ են ուղարկում ոչ միայն մեր աշխատակիցները, այլև արտերկրից թանգարանային ոլորտի մասնագետներ»,-ասաց նա։

Թանգարանի հրատարակած գրքերը հրաշալի նվեր կարող են լինել Գիրք նվիրելու տոնի առթիվ։ Գրքերը թե՛ բովանդակությամբ, թե՛ տեսքով այնքան բարձրորակ են, որ հաճախ պաշտոնական պատվիրակությունների հյուրընկալելիս կամ հյուրընկալվելիս են նվեր դառնում։ Դա ևս թանգարանի մեծ աշխատանքի կարևոր ցուցիչներից է։

Հայերեն

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի

Արարատում կկառուցվի 2 բազմաբնակարան շենք՝ 198 բնակարանով. 48-ը կտրամադրվի տարիներ շարունակ բնակարանի սպասող ընտանիքներին

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի 26 աշխատանք ավարտվել է

Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

Կառավարությունը 43 մլն դրամ է հատկացրել «Մերիդիան» էքսպո կենտրոնի հարակից տարածքի ասֆալտապատման համար

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Մոնղոլիայի միջև վիզային համաձայնագրում փոփոխությունների վավերացմանը

ՀՀ կառավարության նիստ

Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին

Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Երևանի քաղաքապետը ծանոթացել է վերաբացված հ. 77 մանկապարտեզի պայմաններին