«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության նպատակն է ձևավորել նաև խաղաղության օրակարգը սպասարկող նախագծեր․ Արեգ Քոչինյան
11 րոպեի ընթերցում
Հայ-ադրբեջանական «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան հիմնադիր անդամները ամփոփել են ադրբեջանցի փորձագետների հետ Հայաստանում կայացած հանդիպման արդյունքները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախաձեռնության անդամ Արեգ Քոչինյանը նշեց, որ արդեն կարելի է խոսել ձևավորված կայուն ձևաչափի, այլ ոչ թե մեկ կամ մի քանի անգամյա նախաձեռնության մասին։
«Սա իր կանոններով առաջնորդվող ձևաչափ է, որը շարունակվելու է։ Կողմերը բացի բուն հանդիպումներից, անում են նաև լուրջ տնային աշխատանք։ Երկու երկրներում պատվիրակությունները կազմակերպում են հանդիպումներ քաղհասարակության ներկայացուցիչների, մեդիա և փորձագիտական համայնքների հետ։ Բոլոր ուղղություններով նախաձեռնություններն աշխատում են՝ հնարավորինս ընդգրկուն միջավայր ձևավորելու համար։ Բացի այդ, կան նաև պայմանավորվածություններ համատեղ նախագծերի վերաբերյալ։ Գրում ենք համատեղ հոդվածներ, կատարում ենք հետազոտություններ, որոնց արդյունքները շուտով կհանրայնացնենք»,- ասաց Քոչինյանը։
Նա հավելեց, որ կողմերն իրենց հասարակություններին հուզող բոլոր հարցերը բարձրաձայնելու և քննարկում իրականացնելու հնարավորություն ունեն։ Ըստ նրա՝ ադրբեջանցի պատվիրակների ժամանումը ցամաքային ճանապարհով առաջարկել է հայկական կողմը։ Երկու երկրների իշխանությունները ողջունել են այդ գաղափարն ու իրականացրել։ Քոչինյանը հիշեցրեց, որ տվյալ ձևաչափով հանդիպումները կայանում են կառավարությունների անմիջական աջակցությամբ և ֆինանսավորմամբ։
«Մեր առջև նպատակ չենք դրել մոռացության մատնել մեր պատմությունը, մեր տարաձայնություններն ու այն ցավը, որը մեր և նրանց հասարակության ներսում կա։ Մեր նպատակն է վերջին տասնամյակներում ձևավորված բեռին զուգահեռ՝ ձևավորել նաև խաղաղության օրակարգը սպասարկող նախագծեր, անցկացնել քննարկումներ՝ փորձելով ձևավորել դրական թղթապանակ, աջակցելով առկա խնդիրների լուծմանը՝ կոնկրետ գաղափարների առաջադրմամբ»,- ասաց Քոչինյանը։
Նախաձեռնության անդամ Նաիրա Սուլթանյանը նշեց, որ իրենց նպատակն է նորմալացնել ուղիղ շփումները, կառուցողական միջավայրում քննարկել երկու կողմերի մտահոգությունները, բաց չթողնել փոխշահավետ հնարավորություններ ստեղծելու առիթները, որոնք ծագել են այս փուլում։
«Մեր նպատակն է հայաստանյան օրակարգը հասցնել Ադրբեջանում որոշում կայացնողներին, ինչպես նաև իրենց հանրությանը։ Մեզնից շատերն ակտիվորեն հարցազրույցներ են տալիս նաև այն կողմում։ Ձգտում ենք նաև ներառել հայաստանյան քաղհասարակությանն այս գործընթացներում, որովհետև դա պարտադիր պետք է լինի ներառական պրոցես։ Անշուշտ, վերջին հանդիպման ժամանակ կողմերն ազատորեն քննարկել են իրենց հուզող հումանիտար հարցերը։ Մեր դեպքում դա, իհարկե, գերիների հարցն է, թեև մեր խումբը չունի իրավազորություն որևէ կերպ ազդելու գործընթացների վրա, սակայն ունի հանրային կարծիք ձևավորելու հնարավորություն»,- ասաց Սուլթանյանը։
Նա հավելեց, որ իրենք հերթական անգամ փորձել են ադրբեջանցի գործընկերներին բացատրել, թե ինչու ներկայիս խաղաղության գործընթացների տրամաբանության մեջ չի տեղավորվում գերիների առկայությունը Բաքվում։ Երկու կողմերը բարձրաձայնել են նաև պատերազմներում անհետ կորածների հարցը։ Ըստ Սուլթանյանի՝ երկու հասարակությունների համար գործընթացը շատ արագ է ընթանում, և մարդիկ երկու կողմերում էլ դժվարանում են մարսել այդ գործընթացը, սակայն կա հնարավորություն՝ համատեղ առաջ անցնելու համար։ Սուլթանյանի կարծիքով՝ հասարակությունները հասունացել են այնքան, որ կարող են քննարկել ապագան, սակայն դեռ չեն հասունացել՝ ցավոտ անցյալը քննարկելու համար։
Նախաձեռնության անդամ Բորիս Նավասարդյանը նշեց, որ կողմերը շահագրգռված են, որպեսզի քննարկումներն ընդգրկեն հնարավորիս շատ ոլորտներ։
«Առանց երկու երկրների իրավապաշտպան համայնքների աշխատանքները կլինեն պակաս արդյունավետ, ուստի ՀԿ-ների դերը նույնպես շատ կարևոր է։ Կողմերը շահագրգռված են քննարկել, թե ինչպիսի լեզու է օգտագործվում հրապարակային նյութերում, ինչպես են երկուստեք տեղանունները կիրառվում։ Այստեղ կամավորության սկզբունքով կարող են լինել որոշակի պայմանավորվածություններ, որոնք կնվազեցնեն լարվածությունը ներկայիս տեղեկատվական միջավայրում։ Բավականին հետաքրքիր քննարկում ծավալվեց բնապահպանական ոլորտում ջրային ռեսուրսների օգտագործման վերաբերյալ, ինչը կարևոր է ոչ միայն երկու երկրների, այլև բոլոր հարևանների համար»,- ասաց Նավասարդյանը։
Նա հավելեց, որ գնալով ավելի մեծ նշանակություն են ստանում բիզնեսի ոլորտում համագործակցության հնարավորությունները, առավել ևս, որ մասնավոր բիզնեսի ներկայացուցիչները Հայաստանում և Ադրբեջանում հետաքրքրված են փոխադարձ շուկաների առումով։ Ըստ նրա՝ հետաքրքրված են նաև սպառողները, ուստի երկու երկրների արտադրանքը կարող է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնել։ Նավասարդյանի կարծիքով՝ տվյալ հարթակում ծնվող գաղափարները կնպաստեն նաև տնտեսական ոլորտում հետագա համագործակցությանը, մանավանդ, որ ոլորտները շատ են։
Նախաձեռնության անդամ Նարեկ Մինասյանը նշեց, որ երկու կողմերը ստեղծված իրավիճակը դիտարկում են որպես հնարավորության պատուհան։ Հակամարտության հետ կապված բանակցային գործընթացը տևել է տասնամյակներ, սակայն վերջին շրջանում հատկապես փորձագետներն ու քաղաքական գործիչներն, ըստ նրա, փորձում են հետ նայել և վերլուծելով՝ խոսում են բաց թողնված հնարավորությունների մասին։
«Մենք վստահ ենք, որ խաղաղության գործընթացի համատեքստում ունենք ևս մեկ հնարավորության պատուհան, որը պետք է բաց չթողնել։ Այս նախաձեռնությունը 100 տոկոսով հաջողության չի կարող հասնել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործընթաց կախված չէ միայն մեզանից։ Կան արտաքին ու ներքին տարբեր գործոններ, բայցևայնպես տվյալ հնարավորության բացթողումը սխալ կլինի։ Քննարկումների ժամանակ խոսք չի գնում բարեկամանալու, ցավն ու անցյալը մոռանալու մասին, այլ խոսք է գնում երկխոսության կամուրջներ կառուցելու և ապագայի հետ կապված գաղափարների վերաբերյալ։ Որքան էլ ծանր լինի անցյալի ժառանգությունը, այնուամենայնիվ, պետք է փորձենք գտնել այն ընդհանուր կետերը, որոնց հիման վրա կարող ենք առաջ շարժվել և խաղաղության գործընթացը դարձնել անշրջելի»,- ասաց Մինասյանը։
Նա կարևորեց իրատեսական ակնկալիքների ձևավորումը տվյալ նախաձեռնության շրջանակում։ Ըստ նրա՝ հանդիպումների ժամանակ երկուստեք ներկայացվում են մտահոգություններն ու առաջնահերթությունները, հետևաբար թե՛ նարատիվների փոփոխության հարցում, թե՛ տարբեր գաղափարների գեներացման առումով տվյալ նախաձեռնությունն ունի որոշակի դրական ազդեցություն։ Մինասյանը կարևորեց նաև հանդիպումների թափանցիկությունը։
Նախաձեռնության անդամ Սամվել Մելիքսեթյանը նշեց, որ երկկողմ շփումները հավելյալ հնարավորություն են տալիս հասկանալու կողմերի մոտեցումները։ Ըստ այդմ՝ ձևավորվում է ավելի դետալային պատկերացում փոխադարձ ընկալումների մասին։
«Մեզ համար շատ կարևոր է նաև հաղորդակցական ուղիների ապաշրջափակումը, որը պետք է տեղի ունենա հավասար պայմաններում և լինի լիարժեք։ Ադրբեջանը ձգտում է ԹՐԻՓՓ նախագծի շնորհիվ Կարսի հետ կապ հաստատել Նախիջևանով, բայց միայն այդ կապուղու գործարկման դեպքում Հայաստանը կհայտնվի կիսամեկուսացած վիճակում, մինչդեռ կա Գյումրի-Երասխ-Մեղրի երկաթուղին, որը նույնպես պետք է գործարկվի։ Տպավորությունն այն է, որ ադրբեջանական կողմը դեմ չէ և կոմպլեքսային մոտեցումների կողմնակից է, բայց կա մրցակցային էլեմենտը, և նա փորձում է առաջնահերթություն տալ իր նախագծերին։ Նաև հայկական կողմում իրականացվող աշխատանքներից է կախված, թե ինչպիսի տեսք կունենան այդ կոմունիկացիաները, հետևաբար այս գործընթացի շրջանակում առաջարկել ենք տարբեր մոտեցումներ։ Կարևոր է, որ նախ ունենանք ավտոմոբիլային, այնուհետև երկաթուղային հաղորդակցություն»,- ասաց Մելիքսեթյանը։
Նրա դիտարկմամբ՝ հայկական կողմն, ընկալելով ադրբեջանական կողմի ընկալումները, ունակ է ավելի հստակ ձևակերպել սեփական քայլերն ու ակնկալիքներն իրական հողի վրա՝ նաև հասկանալով, որ հակառակ կողմը դանդաղելու է և ցանկացած նոր քայլ անելու է որոշակի ընդմիջումներով։ Այդուհանդերձ, նման շփումներն ու հանդիպումներն, ըստ Մելիքսեթյանի, շատ օգտակար են, ինչը տվյալ ձևաչափի առավելություններից է։
Հայաստանում փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվել է երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։ Կլոր սեղանին, նախաձեռնության հիմնական մասնակիցներից բացի, ներգրավված է նաև երկու կողմերից ավելի լայն խումբ (յուրաքանչյուր կողմից 20 հոգի)։ Ադրբեջանական պատվիրակությունը Հայաստան է ժամանել ցամաքային սահմանի սահմանազատված և սահմանագծված հատվածով՝ անցնելով բոլոր համապատասխան ընթացակարգերը։ Քննարկումների ընթացքում հայկական և ադրբեջանական քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչներն անդրադարձել են 2025 թվականի օգոստոսի 8-ին վաշինգտոնյան գագաթնաժողովում հաստատված խաղաղության օրակարգից բխող գործընթացներին՝ կենտրոնանալով ձևավորվող տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության, խաղաղության օգուտների, երկու հասարակությունների միջև հարաբերությունների հաստատման հանրային ընկալումների, տնտեսական համագործակցության հեռանկարների, ինչպես նաև փոխըմբռնման և վստահության ամրապնդման գործում քաղաքացիական հասարակության դերի վրա։