Ուկրաինան փողերի լվացման գործով մեղադրանք է առաջադրել էներգետիկայի նախկին նախարարի դեմ

3 րոպեի ընթերցում

Ուկրաինայի էներգետիկայի նախկին նախարար Գերման Գալուշչենկոյին մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման գործով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի հայտարարության մեջ։

Ուկրաինայի էներգետիկայի նախկին նախարար Գալուշչենկոն, որը պաշտոնանկ էր արվել «Էներգոատոմ»-ում կոռուպցիոն սկանդալի պատճառով, փետրվարի 15-ին ձերբակալվել է արտասահման մեկնելու փորձի ժամանակ։ 

Գերատեսչությունից հայտնել են, որ նախկին պաշտոնյան ձերբակալվել է «Միդաս» անունը ստացած՝ էներգետիկ ոլորտում լայնածավալ կոռուպցիոն գործի շրջանակներում։ Այլ մանրամասներ չեն տրամադրվել։

Ըստ «Ուկրաինսկա պրավդա»-ի՝ Գալուշչենկոն իջեցվել է գնացքից՝ երկրի սահմանը հատելու փորձի ժամանակ։ Նրան տեղափոխել են Կիև։

Գերման Գալուշչենկոն 2021 թվականի ապրիլից մինչև 2025 թվականի հուլիսը զբաղեցրել է Ուկրաինայի էներգետիկայի նախարարի պաշտոնը, որից հետո Վոլոդիմիր Զելենսկին նրան նշանակել էր երկրի արդարադատության նախարարի պաշտոնում։

2025 թվականի նոյեմբերի 10-ին Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն հայտարարեց «Էներգոատոմ»-ում հանցավոր կազմակերպության բացահայտման մասին: Ենթադրվում էր, որ սխեմայի մասնակիցները պահանջել են պետական ​​ընկերության մատակարարներից և կապալառուներից 10-15% կաշառք՝ սպառնալով կասեցնել արդեն մատուցված ապրանքների և ծառայությունների վճարումները կամ չեղյալ համարել նրանց մատակարարի կարգավիճակը: Հետաքննիչների տվյալներով՝ մասնակիցները նաև փող են լվացել՝ «Էներգոատոմ»-ի էներգետիկ օբյեկտները ռուսական հարձակումներից պաշտպանելու շրջանակում:

Հաջորդ օրը բյուրոն հայտարարել էր «Էներգոատոմ»-ի գործով հինգ անձի ձերբակալության մասին, այդ թվում՝ գործող և նախկին պաշտոնյաների: Հետաքննիչները սխեմայի կազմակերպիչ էին ճանաչել նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գործընկեր և «Քվարտալ 95»-ի համասեփականատեր Թիմուր Մինդիչին: Մինդիչը չէր ձերբակալվել, քանի որ նա արդեն փախել էր երկրից: Հետագայում լրագրողները նրան հայտնաբերել էին Իսրայելում:

Այս գործի շրջանակում Ուկրաինայի նախկին փոխվարչապետ Ալեքսեյ Չեռնիշևը կալանավորվել էր երկու ամսով, հարցաքննվել էր պաշտպանության նախկին նախարար Ռուստեմ Ումերովը, խուզարկվել էր Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ Երմակը, ով կարճ ժամանակ անց հրաժարական էր տվել։

Սկանդալի ֆոնին Գալուշչենկոն նոյեմբերի 12-ին հեռացվել էր արդարադատության նախարարի պաշտոնից։

Հայերեն Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին