«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անկեղծ երկխոսություն է ծավալվել. հայ և ադրբեջանցի փորձագետներն ամփոփեցին արդյունքները

4 րոպեի ընթերցում

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության երրորդ համաժողովն էականորեն ավելի մեծ էր, քան նախորդ երկուսը, որին մասնակցել են ոչ միայն նախաձեռնության անդամները, այլև Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության, փորձագիտական և լրագրողական համայնքների ներկայացուցիչներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության երրորդ համաժողովին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Խաղաղության կամուրջ» նախաձեռնության համակարգող, «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանը։

«Մեծ ուրախություն է այսօր բացման խոսք ասել «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության երրորդ համաժողովին նվիրված մամուլի ասուլիսում։ Երրորդ համաժողովն էականորեն ավելի մեծ էր, քան նախորդ երկուսը։ Այստեղ բացի նախաձեռնության բուն անդամներից, մասնակցել են նաև երկու երկրների քաղաքացիական հասարակության, փորձագիտական համայնքի, լրագրողական համայնքի մի խումբ մասնակիցներ»,- ասաց Քոչինյանը։

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության համակարգող, Հարավային Կովկասի հետազոտական կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովը շնորհակալություն հայտնեց հայկական կողմին և կազմակերպիչներին՝ բարձր մակարդակի կազմակերպման համար։

Նրա խոսքով՝ սա արդեն երրորդ դեմ առ դեմ հանդիպումն է նախաձեռնության շրջանակում, և այն նշանակալի էր նաև նրանով, որ ադրբեջանական պատվիրակությունը սահմանը հատել է ոտքով՝ անցնելով միջպետական սահմանը հատելու բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը։

«Մենք որոշել ենք այս անգամ ավելի շատ ներկայացուցիչներ հրավիրել քաղաքացիական հասարակությունից։ Մեր գործողությունը համընթաց երկու ուղղություններով է ընթանում։ Նախ՝ աշխատանք հասարակությունների հետ՝ ադրբեջանական խումբն աշխատում է ադրբեջանական հասարակության հետ, հայկական խումբը՝ Հայաստանում։ Երկրորդ ուղղությունը համատեղ նախագծերի իրականացումն է։ Մենք որոշակի գաղափարներ ունենք ապագայի համար։ Անկեղծ երկխոսություն հաստատեցինք, որի համար ստեղծվել է համապատասխան միջավայր և մթնոլորտ»,- նշեց Մամեդովը։

Հայաստանում փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվել է երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։ Կլոր սեղանին, նախաձեռնության հիմնական մասնակիցներից բացի, ներգրավված է նաև երկու կողմերից ավելի լայն խումբ։

Ադրբեջանական պատվիրակությունը Հայաստան է ժամանել ցամաքային սահմանի սահմանազատված և սահմանագծված հատվածով՝ անցնելով բոլոր համապատասխան ընթացակարգերը։ Սա կարևոր գործնական քայլ է հանդիսանում երկու երկրների միջև վստահության ամրապնդման ուղղությամբ։

Քննարկումների ընթացքում հայկական և ադրբեջանական քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները անդրադարձել են 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնյան գագաթնաժողովում հաստատված խաղաղության օրակարգից բխող գործընթացներին։ Առանձին նիստեր կենտրոնացել են ձևավորվող տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության, խաղաղության օգուտների, երկու հասարակությունների միջև հարաբերությունների հաստատման հանրային ընկալումների, տնտեսական համագործակցության հեռանկարների, ինչպես նաև փոխըմբռնման և վստահության ամրապնդման գործում քաղաքացիական հասարակության դերի վրա։

Հայերեն العربية English Français