Գյումրիում ընտրողներն ակտիվ մասնակցում են քվեարկությանը

2 րոպեի ընթերցում

Գյումրիում ընտրողներն ակտիվ մասնակցում են քվեարկությանը

Գյումրիում ընտրություններին մասնակցության ակտիվություն է նկատվում: Ժամը 12:00-ի դրությամբ թիվ 32 ԸԸՀ-ում (ընտրատարածքային ընտրական հանձնաժողով) արձանագրվել է 11,6 տոկոս մասնակցություն: Ավելի քան 47 հազար ընտրող ունեցող թիվ 32 ԸԸՀ-ն համակարգում է Գյումրիի 24 և Ախուրյան համայնքի 20 բնակավայրերի ընտրական տեղամասերը:

«Նախորդ ընտրությունների համեմատ մասնակցությունը բավական մեծ է: Այս պահի դրությամբ որևէ ահազանգ կամ մեծ խնդիր չի արձանագրվել: Եղել են մանր-մունր խնդիրներ, որոնք անմիջապես լուծվել են»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց թիվ 32 ԸԸՀ նախագահ Ներսես Մարգարյանը:

Թիվ 31/32 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Աիդա Աբելյանը նշեց, որ ամեն ինչ ընթանում է բնականոն հունով՝ առանց խոչընդոտների: Առաջին ընտրողը տեղամաս է եկել ժամը 8:03-ին: «Ընտրողներն ակտիվ են, նույնիսկ այս պահին մեզ մոտ հերթեր են ձևավորվել: Ունենք դիտորդներ և վստահված անձինք»,-հավելեց նա՝ փաստելով, որ 1550 ընտրող ունեցող տեղամասում ժամը 11:30-ի դրությամբ ընտրողների 10 տոկոսն արդեն կատարել էր իր ընտրական պարտքը:

Հայաստանում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ Ժամը 08։00-ից մեկնարկել է քվեարկությունը, որը կշարունակվի մինչև 20։00-ն։ Քվեարկության համար Հայաստանի ամբողջ տարածքում ձևավորվել է 2005 ընտրատեղամաս։ Ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է 71 լրատվամիջոց, դիտորդական առաքելություն կիրականացնեն 13 տեղական, 8 միջազգային կազմակերպություններ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում