Սամվել Կարապետյանի կարծիքով՝ Ռուսաստանն ունի իր շահերը Հայաստանում
3 րոպեի ընթերցում

Խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի կարծիքով՝ Ռուսաստանն ունի իր շահերը Հայաստանում և հետևողական վարում է իր քաղաքականությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սամվել Կարապետյանը նման հայտարարություն արեց Երևանի 3/27 ընտրատեղամասում քվեարկելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։
«Ինձ թվում է, որ ռուսներն ունեն իրենց շահերը Հայաստանում և հետևողական վարում են իրենց քաղաքականությունը։ Դա ոչ մի կապ չունի ոչ Փաշինյանի հետ, ոչ ինձ հետ, ոչ մի քաղաքական ուժի հետ»,- նշեց նա։
Ճեպազրույցի ընթացքում լրագրողներից մեկը հիշեցրեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Հայաստանում կան բազմաթիվ ռուսամետ քաղաքական ուժեր և գործիչներ, և հույս հայտնել, որ նրանք կկարողանան մասնակցել Հայաստանի ներքաղաքական գործընթացներին։ Հարցին, թե դա կարող է նշանակել, որ ՌԴ-ն աջակցում է Սամվել Կարապետյանին՝ վերջինս նկատեց․
«Դուք տեսե՞լ եք, որ Ռուսաստանն ինձ աջակցում է։ Վլադիմիր Պուտինն ընդամենը հայտարարել է, որ մարդիկ իրավունք ունենան, հնարավորություն ունենան մասնակցել ընտրությունների։ Իհարկե, դա չեմ համարում աջակցություն»։
Հարցին՝ եթե հնարավոր չլինի ընտրություններով գործող իշխանությանը հեռացնել, ինչ այլընտրանք, սցենար ունի «Ուժեղ Հայաստանը», պատասխանեց․
«Իշխանափոխության այլ սցենարը կախված է հայ ժողովրդից, ես ինչպե՞ս կարող եմ ունենալ այլ պլան։ Հայ ժողովուրդն ինչպես կորոշի, այդպես էլ կորոշվի։ Եթե Նիկոլ Փաշինյանն ընտրվի՝ չնայած դրա հնարավորությունը հավասար է զրոյի, հայ ժողովուրդը կհամակերպվի, ուրեմն կհամակերպվի։ Ես կցանկանայի վաղը տեսնել Հայաստան՝ լեգիտիմ իշխանությունով։ Դա շատ կարևոր է մեր երկրի համար, քանի որ չունենալով լեգիտիմ իշխանություն՝ մենք չենք կարողանալու ապահովել Հայաստանի զարգացումը»։
Սամվել Կարապետյանը խոստացավ լրագրողներին հետաքրքրող մյուս բոլոր հարցերին պատասխանել առաջիկա օրերին։
Հայաստանում հունիսի 7-ի ժամը 08։00-ից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը, որը կշարունակվի մինչև 20։00-ն։ Քվեարկության համար Հայաստանի ամբողջ տարածքում ձևավորվել է 2005 ընտրատեղամաս։ Ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է 71 լրատվամիջոց, դիտորդական առաքելություն են իրականացնում 13 տեղական, 8 միջազգային կազմակերպություններ։