Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն ու Խալիլ Շիրղոլամին կարևորել են Հայաստանի և Իրանի միջև երկաթուղային կապի ապահովմանն ուղղված քայլերը

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանն ու Խալիլ Շիրղոլամին կարևորել են Հայաստանի և Իրանի միջև երկաթուղային կապի ապահովմանն ուղղված քայլերը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Խալիլ Շիրղոլամիին դեսպանի պաշտոնը ստանձնելու առիթով և կարևորել Իրանի հետ հարաբերությունների հետևողական զարգացումը։

ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հայաստան-Իրան հարաբերություններում առկա է  աննախադեպ դինամիկա, ինչը պայմանավորված է նաև նրանով, որ երկու երկրները միմյանց կապվում են բնական շահերով։ Երկրի ղեկավարը հույս է հայտնել, որ Խալիլ Շիրղոլամիի գործունեության ընթացքում կողմերին կհաջողվի համագործակցությունն էլ ավելի խորացնել և ընդլայնել բոլոր ոլորտներում։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և վարչապետին փոխանցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի ջերմ ողջույնները։ Խալիլ Շիրղոլամին շեշտել է երկու ժողովուրդների միջև բազմադարյա սերտ կապերի փաստը, որի վրա էլ հիմնված է Հայաստանի և Իրանի միջև փոխվստահության բարձր մակարդակը։

Դեսպանի խոսքով՝ Իրանը ողջունում է խաղաղությանը միտված Հայաստանի վարչապետի քաղաքականությունը, ինչը նպաստում է տարածաշրջանի զարգացմանն ու առաջընթացին։

Խալիլ Շիրղոլամիին շեշտել է՝ զարգացած  Հայաստանը նախանշված է Իրանի ռազմավարական քաղաքականության հիմքում և իրենք առաջնորդվում են այդ սկզբունքով։

Հաջորդիվ զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում Հայաստան-Իրան փոխգործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձ կատարել համատեղ ծրագրերի ընթացքին։

Տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման և առևտրատնտեսական հարաբերությունների խթանման համատեքստում կողմերը կարևորել են երկու երկրների միջև երկաթուղային կապի ապահովմանն ուղղված քայլերը, ինչը կարող է դառնալ ավելի լայն կապերի հաստատման մաս։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում