Իրավունք

Կիբեռանվտանգության ոլորտում արդյունքները դեռևս բավարար չեն, անելիքները շատ են. ՆԳ նախարար

3 րոպեի ընթերցում

Կիբեռանվտանգության ոլորտում արդյունքները դեռևս բավարար չեն, անելիքները շատ են. ՆԳ նախարար

Կիբեռանվտանգության ոլորտում դեռևս բազմաթիվ անելիքներ կան, և արձանագրված արդյունքները չեն կարող բավարար համարվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

Նախարարի խոսքով՝ վերջին ժամանակահատվածում հանցավորության միտումները հիմնականում տեղափոխվում են համացանցային տիրույթ, իսկ մի շարք գործողություններ իրականացվում են օտարերկրյա պետություններից, ինչը բարդացնում է ինչպես հանցագործությունների նույնականացումը, այնպես էլ հետագա գործընթացների ապահովումը։

«Հիմնականում փորձել ենք ակտիվացնել մեր միջազգային գործընկերությունը։ Ունենք համագործակցություն հատկապես կրիպտոշրջանառություն ապահովող տարբեր հարթակների հետ և կարողանում ենք մի շարք հանցագործություններ բացահայտել հենց այդ համագործակցության արդյունքում, բայց կարիք ունենք ավելի ինտենսիվացնելու աշխատանքները, որովհետև որոշ հարթակներ դուրս են մնում մեր համագործակցության դաշտից»,-նշեց Սարգսյանը։

Նախարարի տեղեկացմամբ՝ ընթացիկ տարում բացահայտվել են չորս խոշոր ներդրումային խմբեր, որոնք զբաղվել են կիբեռհանցագործությամբ։ Նրա խոսքով՝ սա նոր ձևավորված կիբեռհանցավորության դեմ պայքարի վարչության մասնագիտացված աշխատանքի արդյունք է։

«Մի շարք դեպքերում կարողացել ենք կանխարգելել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ կատարվող խարդախությունները։ Ունենք բացահայտված չորս խոշոր խումբ»,-ընդգծեց նա։

Սարգսյանը նաև փաստեց, որ բազմաթիվ դեպքերում քաղաքացիները դարձել են խարդախության զոհ՝ անձնական կամ բանկային տվյալները ինքնակամ փոխանցելով անհայտ անձանց, որոնք ներկայացել են որպես ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ կամ պատգամավորներ։

Նրա խոսքով՝ եղել են նաև դեպքեր, երբ քաղաքացիները սեփական նախաձեռնությամբ փոխանցումներ են կատարել իրենց հաշիվներից՝ վստահելով կեղծ ներկայացված անձանց։

Նախարարն ընդգծեց, որ տարվա ընթացքում իրականացվել են իրազեկման լայնածավալ աշխատանքներ, ինչի արդյունքում կանխարգելվել են մի շարք խոշոր՝ մի քանի տասնյակ միլիոն դրամների հասնող խարդախության դեպքեր։

«Մեր տված խորհուրդների արդյունքում քաղաքացիները պարզապես չեն դարձել հանցավորության զոհ»,-հավելեց նա։

ՆԳ նախարարի գնահատմամբ՝ կիբեռանվտանգության ոլորտում աշխատանքները շարունակական բնույթ են կրելու՝ միջազգային համագործակցության խորացման և կանխարգելիչ միջոցառումների ուժեղացման ուղղությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում