«Երեմյան» ընկերությունների խումբը՝ 20 տարվա արժեքների, որակի և նորարարության ճանապարհին
5 րոպեի ընթերցում
20 տարի բարձր արժեքներ և սեր «Երեմյան» ընկերությունների խմբից. 20 տարի անց ընկերություն հիմքում նույն արժեքներն են՝ մարդ, որակ և նորարարություն: Կանգնած լինելով Հայաստանում հյուրընկալության ոլորտի ակունքներում՝ ընկերության առաջնային նպատակները շատ հստակ են եղել՝ վերհանել ազգային խոհանոցը, ներկայացնել հայկական մշակույթը, նպաստել զբոսաշրջության զարգացմանը, դիրքավորել Հայաստանն աշխարհի գաստրոքարտեզի վրա, աջակցել տնտեսության առաջընթացին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Երեմյան» ընկերությունների խմբի մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Լուսինե Երեմյանն ընդգծեց՝ իրենց նպատակն է եղել զարգացնել գյուղատնտեսությունը, կաթնամթերքի արտադրությունը երկրում:
«Մեր նպատակն է եղել աջակցել համայնքային զարգացմանը, ինչպես նաև այս ամենով նպաստել երկրում պարենի անվտանգությանը։ 2019 թվականից մենք գործունեություն ենք ծավալում նաև մասնագիտական կրթության ոլորտում՝ հիմնելով խոհարարական արվեստի և հյուրընկալության «Երեմյան» ակադեմիան։ Մեր ակադեմիայում իրականացվում են ինչպես տեսական, այնպես էլ գործնական դասընթացներ։ Եվ այս ամենը համադրվում է «Երեմյան» ընկերությունների խմբի 20-ամյա ճանապարհին ձեռք բերված գիտելիքների, որակի, ինչպես նաև կրթության ոլորտում աշխարհում ընդունված ստանդարտների հիման վրա»,- նշեց նա։
Հիմնադիրների խոսքով՝ «Երեմյան» ընկերությունների խումբը նախևառաջ մարդկանց մասին է։ Մարդիկ, ովքեր սպառողներն են, գործընկերները և թիմի անդամները: Այսօր ընկերությունն ունի 2600 աշխատակից, ինչպես նաև հյուրընկալության ոլորտի ամենամեծ գործատուն և հարկատուն է։ Ընկերության համար թիմային արժեքներն ու աշխատանքը կարևորագույն գործոն են, առանց որի հնարավոր չէր լինի 20 տարի պահպանել որակը և առաջատար դիրքը:
«Երեմյան» ընկերությունների խմբի հիմնադիր, գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանն էլ ընդգծեց՝ գյուղատնտեսության ոլորտում իրականում մեծ բացեր կան. «Ինչո՞ւ գնացինք սերմից մինչև սեղան մոտեցմամբ, որովհետև մենք պետք է ունենանք որակյալ կեր կենդանիների համար, իսկ նման բան գտնելը շատ դժվար էր։ Այդ շղթայում մենք հասկացանք, որ ունենք անելիքներ, և դա մեզ համար իրականում շատ մեծ մարտահրավեր էր։ Արդեն հինգ տարի է, ինչ ոլորտում ենք, և ամեն տարի բախվում ենք նոր մարտահրավերների ու խնդիրների լուծման անհրաժեշտությանը։ Շատ եմ շփվում մեր եվրոպացի գործընկերների հետ, քանի որ հիմնականում մեր խորհրդատուները Եվրոպայից են։ Տեսնելով նրանց աշխատելաոճը հողագործության և կաթնարտադրության ոլորտներում՝ հասկանում եմ, որ դեռ շատ անելիքներ կան, և այդ բացը պետք է լրացնենք, իսկ որակյալ կաթը չենք կարող փոխարինել այլ մթերքով»,- ասաց նա։
20 տարի շարունակ ընկերության ստեղծած յուրաքանչյուր նախագիծ եղել է ստանդարտից դուրս՝ նոր մոտեցում ու կոնցեպտ, աշխատաոճ, որոնց շուրջ մշտապես եղել են քննադատություններ:
«2006 թվականին, երբ ես խոսում էի, որ ռեստորանային ոլորտը կարող է տնտեսության համար կարևոր դեր խաղալ, իրականում շատ քչերն էին հավատում, որ այն կարող է դառնալ խոշոր հարկատու, և հաճախ քմծիծաղով էին մոտենում։ Մեր բոլոր նախաձեռնություններն այդպիսին են եղել։ Սկսած ռեստորաններից՝ ես միշտ բախվել եմ թերահավատության։ Լինում են գործընկերներ, ընկերներ, տարբեր կառույցների ներկայացուցիչներ, որոնք թերահավատորեն են մոտենում, սակայն դա ինձ ավելի է մոտիվացնում՝ աշխատել առավել արդյունավետ»,-ասաց Դավիթ Երեմյանը։
Երեմյան կաթնամթերքի արտահանման մասին խոսելով՝ Դավիթ Երեմյանն ընդգծեց՝ այն ստեղծվել է առաջնայինը հայաստանյան սպառողների համար։ «Երեմյան» ընկերությունների խմբի 20 տարվա հաջողությունների մասին են խոսում նաև հյուրընկալության ոլորտի թվերը. այս տարիների ընթացքում ունեցել են 15 մլն հյուր, 7 մլն զբոսաշրջիկ, հեղինակել են 150-ից ավելի ուտեստներ, արտադրել 28 մլն լիտր կաթ, մշակել 1200 հեկտար հող, ստացել 50 հազար տոննա կեր, հիմնել 86 հազար քառակուսի մետր գյուղատնտեսական շինություն։