ՍԱՏՄ-ն կասեցրել է «Աչաջուր» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրությունը
2 րոպեի ընթերցում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) կասեցրել է անհատ ձեռնարկատեր Գարիկ Մելիքբեկյանին պատկանող՝ «Աչաջուր» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը։
«Արմենպրես»-ը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից տեղեկանում է, որ Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր գյուղում գործող արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի մի շարք պահանջների խախտումներ։

Մասնավորապես, պարզվել է, որ արտադրական շինությունների պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ և լվացվող նյութերից, տեղ-տեղ եղել են վնասված, առկա են եղել նաև բորբոսներ։
Բացի այդ, արտադրամասը չի եղել ապահովված ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով և ձեռքերը սրբելու կամ չորացնելու սարքերով։ Արտադրական տարածքներում պահվել են սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող նյութեր և պարագաներ, սահմանված չի եղել միջատների և կրծողների դեմ պայքարի միջոցառումների պարբերականությունը, իսկ սննդի կառույցը չի ունեցել անձնակազմի համար նախատեսված հանդերձարան։

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև արձանագրված խախտումների վերացումը։