Հայաստանում կին գիտաշխատողների թիվն աճել է. ԵՊՀ-ում նշվեց Գիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օրը
9 րոպեի ընթերցում

Գիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օրը՝ փետրվարի 11-ին, Երևանի պետական համալսարանում անցկացվեց «Կանայք գիտության մեջ՝ հավասար իրավունքներով, հավասար հնարավորություններով» միջոցառումը։
«Այս միջոցառմամբ ԵՊՀ-ն մեկնարկում է «Գիտության ոլորտում կանանց և աղջիկների մասնակցության կրթական ծրագիր»-ը, որն իրականանում է Գերմանիայի կառավարության ֆինանսավորմամբ։ Այս աջակցությունը մեզ համար ոչ միայն նյութական ներդրում է, այլև վստահության նշան ու համատեղ արժեքների արտահայտություն՝ հավասար հնարավորություններ, ներառական կրթություն, գիտության զարգացման համընդհանուր պատասխանատվություն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։

ԵՊՀ-ն ձգտում է ձևավորել միջավայր, որտեղ գնահատվում են տաղանդը, հետաքրքրասիրությունն ու աշխատասիրությունը՝ անկախ սեռից։ Կառույցն անում է հնարավորը, որ յուրաքանչյուր աղջիկ ուսանող, երիտասարդ հետազոտող զգա՝ գիտությունն իր տեղն է, իսկ համալսարանը հուսալի հարթակ է՝ աճելու, ստեղծելու, մրցունակ գիտական ճանապարհ կառուցելու համար։
Ռեկտորը վստահեցրեց՝ նման մոտեցումը համահունչ է նաև երկրի պետական քաղաքականությանը։ «ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հետևողական քայլեր է իրականացնում՝ խթանելով կանանց ներգրավվածությունն ու առաջնորդությունը կրթության և գիտության համակարգում։ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն իրականացնում է կին ղեկավարների առաջխաղացման ծրագիր, որը նպատակ ունի զարգացնել կանանց առաջնորդական կարողությունները, ամրապնդել կառավարման հմտությունները»,-նշեց Հովհաննիսյանն ու հավելեց՝ ԵՊՀ-ն այդտեղ ևս առաջամարտիկ է. ԵՊՀ-ի գիտաշխատող կանանցից շատերն օգտվել են այդ դրամաշնորհներից։
Հովհաննիսյանն ափսոսանքով փաստեց՝ դեռ կան ոլորտներ, որտեղ կանանց ներգրավվածությունը փոքր է, կան անտեսանելի խոչընդոտներ, կաղապարներ, մասնագիտական ինքնավստահության պակաս, կարիերայի և ընտանեկան պարտավորությունների բախում, որոնք հաղթահարելու համար անհրաժեշտ են համակարգային լուծումներ՝ կրթական ծրագրերից մինչև ինստիտուցիոնալ մեխանիզմներ և հանրային ընկալումների փոփոխություն։
Միջոցառման հյուրերից էր ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նա նշեց՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն համապատասխան ոլորտային զեկույց է հրապարակել, որի մի շարք ցուցանիշներ մտահոգիչ են։

«Աշխարհի տվյալները վկայում են, որ դպրոցն ավարտող երիտասարդ կանանց շուրջ 46 տոկոսն է շարունակում կրթությունը բուհերում, տղամարդկանց՝ 40 տոկոսը, սակայն դեռ կան ոլորտներ, որտեղ անհամամասնությունը զգալի է, օրինակ՝ բնական գիտությունների ուղղությամբ շրջանավարտների միայն 35 տոկոսն են կանայք։ Եթե խորքային պատճառները վերլուծենք, կհասնենք կարծրատիպերին»,-ասաց Անդրեասյանն ու հավելեց՝ համաշխարհային մակարդակով կին գիտնականները զգալիորեն զիջում են տղամարդ գործընկերներին. աշխարհի ամեն 3 գիտնականից միայն մեկն է կին։ «Եթե պետական և ակադեմիական հատվածներում համամասնությունը դեռևս ավելի համաչափ է, ապա մասնավոր հատվածում կին գիտնականների ներգրավվածությունը 45 տոկոսից քիչ է, այսինքն՝ մասնավոր հատվածում կին գիտնականների մասնակցության խրախուսման առանձին գործիքակազմերի անհրաժեշտություն կա»,-շեշտեց նախարարը։
Անդրադառնալով Հայաստանի ցուցանիշներին՝ Ժաննա Անդրեասյանը հիշեցրեց, որ վերջին տարիներին կառավարությունն էական ներդրումներ է արել գիտության ոլորտում, ինչի արդյունքում 2018-ի համեմատ 180 տոկոսով ավելացվել է գիտության ֆինանսավորումը. ներդրվել են բազմազան դրամաշնորհային ծրագրեր, որոնք հետազոտողներին հնարավորություն են տվել զբաղվել իրենց հետաքրքրող խնդիրների ուսումնասիրությամբ և անել ժամանակակից հետազոտություններ, որովհետև դրամաշնորհային ծրագրերն ուղեկցվել են նաև կապիտալ բնույթի մեծածավալ ներդրումներով. շուրջ 13 միլիարդ դրամի մասին է խոսքը։
«Այդ ամենն ուղեկցվել է նաև բազային ֆինանսավորման փուլային աճով, որով 105-ից մինչև 300 տոկոս աճել է վարձատրությունը բազային մակարդակում։ Աճել է նաև կին գիտաշխատողների թիվը՝ հասնելով 53․6 տոկոսի։ Այս պահին բազային ֆինանսավորմամբ ընդգրկված 3 հազար 761 գիտաշխատողներից 2017-ը կանայք են։ Այս ցուցանիշը մոտավորապես 1․7 անգամ գերազանցում է համաշխարհային միջինացված արժեքը։ Շատ կարևոր եմ համարում, որ մինչև 50 տարեկան գիտաշխատողների շրջանում կանանց մասնաբաժինը գերազանցում է 58 տոկոսը, ինչը վկայում է, որ երիտասարդ կանանց շրջանում գիտության ոլորտը դառնում է ավելի ու ավելի գրավիչ»,-տեղեկացրեց նախարարը։
Չնայած դրական ցուցանիշներին՝ կան ոլորտներ, որտեղ կանանց թիվը զիջում է տղամարդկանց թվին։ Ղեկավար կազմերում միայն 30 տոկոսն են կանայք։
Անդրեասյանը հիշեցրեց՝ 2020 թվականից ներդրվել է առանձին ծրագիր, որն ուղղված է գիտական ղեկավարների հմտությունների զարգացմանը և նրանց պրակտիկ փորձառության հնարավորության ընձեռմանը։
«Նախատեսում ենք 36 ամիս աշխատանք իրականացնել 4-5 հոգուց բաղկացած գիտահետազոտական խմբերի հետ։ Պարտադիր է, որ օտարերկրյա գործընկեր լինի, ինչը կարևոր եմ համարում, որովհետև համագործակցությունները գիտության ոլորտում գիտության զարգացման ամենակարևոր նախապայմաններից են։ Կարևոր է մինչև 45 մլն դրամ ֆինանսավորում ստանալ այդ գաղափարներն իրականացնելու համար։ Ակնկալվում է, որ նախագծի ավարտին հրապարակումներ կլինեն առաջատար գիտական ամսագրերում։ Այս պահին մենք 47 հետազոտական ծրագիր, որոնց մի մասն իրականացվել է այս ծրագրի շնորհիվ։ Մյուս մասն իրականացման փուլում է։ 42-ը ԲՏՃՄ ուղղություններով են»,-հայտնեց նա։
ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության զարգացման համագործակցության բաժնի ղեկավար Կատրին Բուդեր-Փելցը ևս նշեց, որ դպրոցում աղջիկները հաճախ ավելի լավ արդյունքներ են ցուցաբերում, քան տղաները, սակայն բուհական կրթությունից հետո բնագիտամաթեմատիկական ոլորտում հազվադեպ են ղեկավար պաշտոններ զբաղեցնում։ «Սա հաճախ պայմանավորված է սոցիալական նորմերով և այլ խոչընդոտներով։ Այս խնդիրն առկա է ոչ միայն Հայաստանում, այլև Գերմանիայում, ուստի մեր կառավարությունը մի շարք նախագծեր է իրականացնում Գերմանիայում և այլ երկրներում գենդերային կարծրատիպերը կոտրելու, մոտեցումները փոխելու ուղղությամբ։ Ըստ իս՝ գենդերային խզվածքները չպետք է դիտարկել որպես երկրորդական խնդիր, քանի որ գենդերային հավասարությունը նպաստում է տնտեսության զարգացմանը»,-ասաց նա։

Փետրվարի 11-ը նշվում է որպես Գիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օր, որը սահմանվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 2015 թվականի դեկտեմբերի 22-ի բանաձևով։ Տոնը նշվում է 2016 թվականից և նպատակ ունի ընդգծել գիտության ոլորտում կանանց ներուժի օգտագործման, գիտությամբ զբաղվելու համար հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման կարևորությունը։
Օրվա առթիվ կազմակերպված «Կանայք գիտության մեջ՝ հավասար իրավունքներով, հավասար հնարավորություններով» միջոցառումն ուղղված է գիտության ոլորտում կանանց և աղջիկների ներգրավվածության վերաբերյալ իրազեկման բարձրացմանը, առկա խնդիրների քննարկմանը, ինչպես նաև երիտասարդ աղջիկների շրջանում գիտության հանդեպ հետաքրքրության մեծացմանը:
Այդ օրվա շրջանակում ԵՊՀ-ում նախատեսվում են մի շարք միջոցառումներ (պանելային քննարկումներ, աշխատարաններ, գիտական խաղեր)՝ ուղղված երկու հիմնական նպատակների իրականացմանը՝ ոգեշնչել աղջիկներին՝ նրանց հետաքրքրասիրությունը վերածելու գիտական հետազոտությունների և հայտնագործությունների և խթանել զրո խտրականության մշակույթը՝ բարձրաձայնելով և քննարկելով գիտության ոլորտում դեռևս առկա սոցիալական, տնտեսական, աշխարհագրական և այլ անհավասարությունները։