Տեխնոլոգիական համայնքը կընտրի նոր խորհուրդ և խորհրդի նախագահ. մեկնարկել է ԱՏՁՄ 25-րդ համաժողովը
8 րոպեի ընթերցում

Երևանում մեկնարկել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 25-րդ տարեկան համաժողովը, որն անփոխարինելի դեր ունի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ճանապարհին, մեկ հարթակում հավաքելով ոլորտի առաջատարներին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաժողովի ընթացքում տեղի կունենան ԱՏՁՄ խորհրդի և խորհրդի նախագահի ընտրությունները։
ԱՏՁՄ տնօրեն Սարգիս Կարապետյանը, ողջունելով ներկաներին և ամփոփելով միության ձեռքբերումներն, ընդգծեց՝ 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված ՏՀՏ ընկերությունների կողմից վճարվող հարկերի շուրջ 70 տոկոսը վճարում են ԱՏՁՄ-ին անդամակցող ընկերությունները:

«Այս համաժողովը կարևոր հնարավորություն է ոչ միայն ամփոփելու անցած 25 տարիների ճանապարհը, այլև հստակ ձևակերպելու այն ռազմավարական առաջնահերթությունները, որոնք կուղենշեն միության և ամբողջ տեխնոլոգիական համայնքի հաջորդ փուլը։ Երբ ԱՏՁՄ-ն հիմնադրվում էր ընդամենը ութ ընկերությունների նախաձեռնությամբ, դժվար էր պատկերացնել, որ 25 տարի անց մենք կունենանք արդեն տեխնոլոգիական ոլորտի բազմազան ուղղություններ ներկայացնող 270 անդամ ընկերություն։ Այսօր ԱՏՁՄ-ն ոչ միայն մասնագիտական միավորում է, այլև փորձագիտական կենտրոն և արդյունավետ երկխոսության հարթակ՝ հանդես գալով որպես ոլորտի միասնական ձայն թե՛ պետական կառույցների, թե՛ միջազգային գործընկերների հետ շփումներում»,-նշեց Սարգիս Կարապետյանը։
Նա հավելեց, որ ԱՏՁՄ նպատակն է զարգացնել հայկական տեխնոլոգիական էկոհամակարգը և կառավարության ու գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ Հայաստանը դարձնել լիարժեք տեխնոլոգիական երկիր։
«Կարևոր եմ համարում նաև այն, որ մեր անդամ ընկերություններն ակտիվորեն համագործակցում են միմյանց հետ՝ ձևավորելով առողջ և կայուն էկոհամակարգ։ Վստահ եմ, որ արդեն հաջորդ տարի մեր անդամների թիվը կանցնի 400-ը, ինչը ևս մեկ քայլ կլինի դեպի ավելի ուժեղ, համախմբված և մրցունակ տեխնոլոգիական համայնք»,-հավելեց նա։
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ շնորհավորելով ընդգծեց, որ հետ նայելով անցած 25 տարիներին, հասկանում են, որ խոսքն արդեն քառորդ դարի մասին է․ սա լուրջ տարիք է, կուտակված փորձառություն և կայացած ուղի։

«Այդ պատճառով զարգացման մասին խոսակցությունները ոչ միայն տեղին են, այլև պարտադիր։ Այս ամբողջ ճանապարհին կրթությունը եղել է տեխնոլոգիական ոլորտի անբաժան ուղեկիցը։ Հատկապես տեխնոլոգիական կրթությունն այն ուղղությունն է, որտեղ ձևավորվել է պետություն-մասնավոր հատված ամենակայացած և արդյունավետ համագործակցությունը։ Այս առումով ԱՏՁՄ-ի ներդրումն իսկապես նշանակալի է՝ թե՛ բովանդակային, թե՛ համակարգային փոփոխությունների տեսանկյունից։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել տեխնոլոգիական համայնքին ինքնակազմակերպման, պատասխանատվություն ստանձնելու և պետության գործընկեր դառնալու պատրաստակամության համար։ Սա խոսում է համայնքի հասունության և կայացվածության մասին։ Երբ մասնավոր հատվածը հանդես է գալիս ոչ միայն որպես շահառու, այլ որպես ռազմավարական գործընկեր, մենք իրականում կարողանում ենք կարևոր և երկարաժամկետ արդյունքներ ապահովել»,-նշեց ԿԳՄՍ նախարարը:
Անդրեասյանն ուրախությամբ ընդգծեց, որ այսօր տեխնոլոգիական կրթությունն աստիճանաբար դառնում է Հայաստանի բրենդներից մեկը։ Ըստ նրա՝ Հայաստանն ունի լուրջ հաջողություններ, սակայն նաև մեծ պատասխանատվություն՝ առավել նպատակաուղղված և հետևողական քաղաքականություն վարելու՝ ոլորտի զարգացումը խորացնելու համար։ «Մեր համատեղ պատմությունը հաջողության պատմություն է, և վստահ եմ, որ առաջիկա տարիներին այն կունենա նոր, առավել ազդեցիկ շարունակություն»,-ավելացրեց Ժաննա Անդրեասյանը:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ռուբեն Սիմոնյանն էլ հավելեց, որ այսօր նշում են ոչ պարզապես կազմակերպության հոբելյան, այլ Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի կայացման և հասունացման 25-ամյակը։

«Երբ ԱՏՁՄ-ն հիմնադրվում էր 25 տարի առաջ՝ ընդամենը ութ ընկերություններով, ես այդ ժամանակ դեռ ուսանող էի։ Այդ համեմատությունը հստակ ցույց է տալիս, թե որքան մեծ ճանապարհ ենք անցել որպես երկիր և որպես ոլորտ։ Այսօր Հայաստանում գործում են հարյուրավոր տեխնոլոգիական ընկերություններ, աշխատում են հազարավոր բարձրակարգ ինժեներներ, ստեղծվում են միջազգային շուկաներում մրցունակ պրոդուկտներ։ Այս գործընթացում ԱՏՁՄ-ի դերը կարևոր է եղել՝ որպես համագործակցության, գաղափարների ձևավորման և ոլորտի համախմբման հարթակ։ Մենք արդեն ունենք ձևավորված և գործունակ հնարավորություններ թե՛ ընկերությունների աճի, թե՛ մարդկային կապիտալի զարգացման համար։ Սակայն կարծում եմ, որ այս փուլում պետք է անցնենք ավելի հավակնոտ նպատակների ձևակերպմանն ու իրականացմանը։ Հայաստանի տեխնոլոգիական ոլորտը պատրաստ է ավելի ամբիցիոզ ծրագրերի, ավելի լայն միջազգային ներկայության և առավել խորքային ազդեցության երկրի տնտեսական զարգացման վրա»-նշեց փոխնախարարը:
Իր ելույթում ԱՏՁՄ խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանն ընդգծեց՝ այս տարվա մասնակիցների թիվն աննախադեպ է՝ նման ընդգրկվածություն համաժողովը նախկինում չի ունեցել, ինչը ևս մեկ անգամ վկայում է համայնքի աճի և համախմբվածության մասին։

«ԱՏՁՄ-ն իրականում հաջողության պատմություն է։ Այս 25 տարիների ընթացքում մենք անցել ենք տարբեր փուլերով՝ ունեցել ենք թե՛ հեշտ, թե՛ բարդ ժամանակներ։ Սակայն երբեք հետ չենք կանգնել մեր հիմնական համոզմունքից՝ ունենալ ուժեղ, կայացած և համախմբված տեխնոլոգիական համայնք, որը ոչ միայն զարգանում է, այլ նաև կարողանում է հստակ ձևակերպել ու առաջ տանել իր խնդիրներն ու օրակարգը։ ԱՏՁՄ-ում մենք միշտ առաջնորդվել ենք մեկ սկզբունքով՝ մտածել ամբողջ էկոհամակարգի զարգացման մասին»,- նշեց նա:
Եսայանի խոսքով՝ յուրաքանչյուր նախաձեռնություն, յուրաքանչյուր առաջարկվող օրենսդրական փոփոխություն գնահատել են մեկ հարցով՝ արդյո՞ք դա ծառայում է համայնքի ընդհանուր շահին, հենց այս մոտեցումն է բերել այսօրվա արդյունքներին, և նույն պատասխանատվությամբ պետք է շարունակեն առաջ գնալ:
Համաժողովի ընթացքում քվեարկության է դրվելու նաև «Հանրային քաղաքականությունների օրակարգը»՝ փաստաթուղթ, որ ամփոփում է համայնքի ներկայացուցիչների պատկերացումները ոլորտի զարգացման ուղղությունների, պետական կարգավորումների, առաջնահերթությունների, առկա խնդիրների լուծման վերաբերյալ, որը առաջարկվելու է գործող Կառավարությանը և գալիք Խորհրդարանական ընտրություններին երկրի առաջնորդությունը ստանձնել հավակնող քաղաքական ուժերին։