3 րոպեի ընթերցում
Հայաստանում աղքատության նվազեցման և սոցիալական խնդիրների հաղթահարման հիմնական լուծումը կապված է կառավարության և պետական կառավարման համակարգի պրոֆեսիոնալ ու արդյունավետ աշխատանքի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմության քննադատություններին։
Լրագրողի հարցին՝ ընդդիմադիր ուժերից մեկի հայտարարության մասին, ըստ որի՝ աղքատության շուրջ 21 տոկոսի պայմաններում վարչապետը պետք է կամ պարգևավճար չստանա, կամ աշխատի 1 դրամ աշխատավարձով, Փաշինյանը նշեց, որ նման մոտեցումը ինքնին կոռուպցիոն ռիսկեր է պարունակում։
«Երբ ես 1 դրամով որպես վարչապետ աշխատեմ, հետո դուք հարցնեք՝ այս կոստյումը որտեղի՞ց է, ես ի՞նչ պետք է պատասխանեմ։ Դա կոռուպցիա է։ Կոռուպցիան հենց դրա մասին է՝ երբ անհասկանալի է, թե պաշտոնյան ինչ միջոցներով է ապրում»,– ասաց վարչապետը։
Նա հիշեցրեց, որ երկար տարիներ անձամբ չի ստացել պարգևավճարներ, սակայն խնդիրը, ըստ նրա, աշխատավարձերը կամ պարգևավճարների չափը չէ, այլ ինստիտուտների և համակարգերի կայացումը։
Փաշինյանը շեշտեց, որ ընդդիմության կողմից առաջ քաշվող մասնավոր միջոցներով պաշտոնյաներին աջակցելու գաղափարները հիշեցնում են պետության զավթման և օլիգարխիկ կառավարման մոդել։
«Սա հենց օլիգարխիան է։ Հայաստանում երկար տարիներ եղել է պատգամավորներին, պաշտոնյաներին, անգամ նախարարներին ծրարով ամեն ամիս գումար տալու ավանդույթ, և դա արձանագրված է քրեական գործերով»,– նշեց նա։
Վարչապետի խոսքով՝ աղքատության խնդրի լուծումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ պետական պաշտոնյան ամբողջությամբ կենտրոնացած է իր աշխատանքի վրա և զերծ է մնում ցանկացած ազդեցությունից։
«Մենք խնդիր ենք դրել, որ պաշտոնյան լինի գերկենտրոնացած իր աշխատանքի վրա, և նրան չկարողանան շեղել ոչ կոռուպցիոն հակում ունեցող ուժերը, ոչ նույնիսկ ընտանեկան առօրյա խնդիրները»,– ասաց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ կառավարությունը նպատակ է դրել Հայաստանում զրոյացնել կոռուպցիան՝ նշելով, որ թեև միջազգային վարկանիշներով արձանագրվել է զգալի առաջընթաց, խնդիրը դեռ ամբողջությամբ լուծված չէ։
Վարչապետը որպես արդյունավետ պետական կառավարման օրինակ նշել է առողջության ապահովագրության համակարգի ներդրումը։
«Այսօր հարյուրավոր թոշակառուներ միլիոնավոր դրամների բժշկական ծառայություններ են ստանում, և այդ ծառայությունները չստանալու դեպքում նրանց մի մասը պարզապես չէր ապրի։ Սա պետական կառավարման համակարգի 24-ժամյա աշխատանքի արդյունք է»,– նշեց նա՝ հավելելով, որ ինքը պահանջել էր համակարգը ներդնել առանց հետաձգումների։