Հայաստանում վիրահատում են ռոբոտի միջոցով
3 րոպեի ընթերցում

Հայաստանում արդեն գործում է ռոբոտիկ վիրաբուժության երեք կենտրոն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնի ռոբոտիկ վիրաբուժության կենտրոն շրջայցի ժամանակ։
«Ռոբոտիկ վիրաբուժությունն, իհարկե, ինչ-որ առումով նաև սիմվոլիկ է․ըստ էության այն արտահայտում է վերջին զարգացումների ձեռքբերումները և շատ կարևոր է, որ Հայաստանը համընթաց գնում է զարգացման։ Ուզում եմ նշել, որ սա չի սահմանափակվում միայն ռոբոտային վիրաբուժությամբ։ Ես ուրախ եմ, որ մեր բժշկական կենտրոնները, ըստ էության հագեցվում են նորագույն սարքավորումներով և բոլոր այն նորամուծությունները, որ աշխարհում բժշկագիտության մեջ դառնում են պրակտիկայի մաս, գալիս են նաև Հայաստան»,-նշեց նախարարը։

Նրա խոսքով՝ չնայած ռոբոտային վիրահատությունները դեռևս առողջապահության համընդհանուր ապահովագրության փաթեթում ներառված չեն, սակայն առաջիկայում համապատասխան աշխատանքներ կիրականացվեն այդ ուղղությամբ։
Ավանեսյանի հավաստմամբ՝ ժամանակակից լուծումներով առողջապահական կազմակերպություններն արդիականացնելու քաղաքականության շրջանակներում, մի կողմից ավելացվում են ծառայությունների գնման ծավալները, մյուս կողմից գործում են լիզինգային ծրագրեր, որից ոլորտն ակտիվորեն օգտվում է։
«Էրեբունի» ԲԿ Օնկոուրոլոգիայի ծառայության ղեկավար Արման Ծատուրյանի տեղեկատվությամբ՝ ռոբոտիկ վիրաբուժության կենտրոնում արդեն իրականացվել է ընդհանուր առմամբ 10 վիրահատություն, այդ թվում՝ 7-ը ուրոլոգիական։

Նրա խոսքով՝ վիրահատական ռոբոտը հագեցած է շարժունակության ճկուն համակարգով, ինչպես նաև տեսախցիկով ու էկրանով, որոնք պատկերներն արտացոլում են եռաչափ։
«Մենք ռոբոտի ձեռքի վրա ունենք 7 հոդավորում, որոնք հնարավորություն են տալիս, որպեսզի կարողանանք ճկել ռոբոտի ձեռքի ծայրն այնպես, ինչպես մեզ պետք է»,-մանրամասնեց մասնագետը՝ հավելելով, որ եռաչափ տեսադաշտի շնորհիվ էլ, մասնավորապես, հնարավորություն է ընձեռվում տեսնել ավելի փոքր անոթները՝ համապատասխան գործողություններով նվազեցնելով արյունահոսությունը։
Ըստ վիրաբույժի՝ ռոբոտիկ վիրահատությունը համարվում է նվազագույն ինվազիվ եղանակ․վիրահատությունը համեմատաբար կարճ է տևում, իսկ հետվիրահատական ապաքինումն ավելի արագ է տեղի ունենում։
Ծատուրյանը նաև ընդգծեց, որ վիրահատական ռոբոտն ինքնավար սարք չէ և բոլոր շարժումներն իրականացնում է բացառապես բժշկի կառավարմամբ։