Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԵՄ-ն չկարողացավ կառուցողական դեր խաղալ ԱՄՆ-ի հետ բանակցություններում
1 րոպեի ընթերցում

Եվրամիությունը չկարողացավ դրական ազդեցություն ունենալ Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների ընթացքի վրա: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«(Եվրոպացիները) չկարողացան անկախ և դրական դեր խաղալ դիվանագիտական գործընթացներում և որոշեցին պարզապես ենթակա կողմի դիրք ընդունել։ Դրա հետևանքով նրանք շատ լուրջ սխալ թույլ տվեցին», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ։
Փետրվարի 6-ին Մասկատում Օմանի միջնորդությամբ տեղի է ունեցել Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման վերաբերյալ։ Իրանի պատվիրակությունը գլխավորել է արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, ԱՄՆ պատվիրակությունը՝ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը: