Պետք է բացառենք դեպքերը, որ հոգեկան կամ նարկոլոգիական խնդիրներ ունեցող անձինք վարորդական վկայական ունենան. Անդրանիկ Քոչարյան
2 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խոսեց վարորդական իրավունքների դադարեցման վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների մասին՝ ընդգծելով, որ հոգեկան և նարկոլոգիական խնդիրներով հաշվառված անձինք պետք է գտնվեն պետական կառույցների հատուկ ուշադրության կենտրոնում։
«Չի կարող նման խնդիրներով գրանցված մարդը ուշադրության կենտրոնում չլինել։ Ինչքանո՞վ է կապված այսօրվա վիճակը երթևեկության անվտանգության խնդիրների հետ, կարող է և կապված լինել։ Հոգեկան և նարկոլոգիական խնդիր ունեցող մարդը պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում, որովհետև այդպիսի մարդիկ, եթե վարորդական վկայական ունեն, պետք է լինեն հսկողության տակ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Քոչարյանը։
Նա հիշեցրեց՝ՀՀ ներքին գործերի նախարարության տվյալներով ավելի քան 2300 անձ նման խնդիրների առկայության պայմաններում ունեցել է վարորդական վկայական։
«Այդպիսի մարդը կարող է վարելու պահին խնդիր ունենալ։ Երբ նա գրանցված է, մենք պետք է լինենք ուշադիր և վկայականներ տրամադրելիս բացառենք, որ նման խնդիրներ ունեցող մարդիկ ունենան վարելու իրավունք»,-ասաց հանձնաժողովի նախագահը։
Քոչարյանը նաև հայտարարեց, որ վարչարարության խստացման անհրաժեշտության եզրին են գտնվում՝ նշելով, որ ճանապարհային անվտանգության ոլորտում Հայաստանը չափազանց լիբերալ մոտեցում ունի։
Նա մասնավորապես անդրադարձավ վարելու ընթացքում հեռախոսի օգտագործման խնդրին, որը, նրա խոսքով, ամբողջ աշխարհում խիստ կարգավորվում է, մինչդեռ Հայաստանում այդ ուղղությամբ վերահսկողությունը բավարար չէ։
Բացի այդ, հանձնաժողովի նախագահը կարևոր խնդիր համարեց երեխաների անվտանգության կանոնների պահպանումը։
«Ավտոմեքենայում մինչև 10 տարեկան երեխաների անվտանգ երթևեկությունն ապահովելու պահանջը մենք այդպես էլ ամբողջությամբ չենք կատարել։ Դա էլ խնդիր է, որը պետք է լուծենք»,-նշեց նա՝ ընդգծելով, որ ավտովթարների պատճառով երեխաներ են մահանում մեքենաներում քարսիթերի բացակայության պատճառով։