Իրավունք

ՆԳՆ-ն առաջարկում է ավտոմատացնել թմրաբուժական կամ հոգեբուժական եզրակացության հիմքով վարորդական իրավունքից զրկելու գործընթացը

2 րոպեի ընթերցում

ՆԳՆ-ն առաջարկում է ավտոմատացնել թմրաբուժական կամ հոգեբուժական եզրակացության հիմքով վարորդական իրավունքից զրկելու գործընթացը

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն Ազգային ժողովում ներկայացրեց «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը վերաբերում է թմրաբանական կամ հոգեբուժական  եզրակացության հիմքով վարորդական իրավունքից զրկելու գործընթացի ավտոմատացմանը։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարի տեղակալը նշեց, որ գործող օրենքը սահմանում է վարորդական իրավունքի դադարեցման չորս հիմք՝ դատարանի կամ լիազոր մարմնի վարչական ակտով անգործունակ ճանաչվելը, անձի մահը, ինչպես նաև թմրաբանական կամ հոգեբուժական համապատասխան եզրակացությունը։ Առաջարկվող փոփոխությունը վերաբերում է հենց չորրորդ հիմքին՝ թմրաբանական և հոգեբուժական եզրակացություններին։

Փոխնախարարի ներկայացմամբ՝ ներկայում յուրաքանչյուր վարչական գործողության ժամանակ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումները առանձին հարցումներ են կատարում թմրաբանական և հոգեբուժական հաստատություններին՝ պարզելու տվյալ անձի սահմանափակումների առկայությունը։ Սակայն, հաշվի առնելով, որ Հայաստանում արդեն գործում է էլեկտրոնային առողջապահական համակարգը՝ «ARMED»-ը, առաջարկվում է գործընթացը ամբողջությամբ ավտոմատացնել։

«Փոփոխությունն առաջարկում ենք կազմակերպել այն տրամաբանությամբ, որ յուրաքանչյուր անգամ, երբ անձը կգրանցվի կամ հաշվառվի թմրաբանական կամ հոգեբուժական հաստատությունում, այդ տեղեկատվությունը կարձանագրվի ARMED համակարգում։ Դրանից հետո Ներքին գործերի նախարարության էլեկտրոնային ռեգիստրում այդ տվյալները կհայտնվեն ինքնաշխատ կերպով, և մարդու վարելու իրավունքը կդադարի»,-նշեց փոխնախարարը։

Նա հավելեց, որ այս մոտեցումը թույլ կտա բացառել վարչական ձգձգումները և բարձրացնել ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը։

Ըստ ներկայացված տվյալների՝ գործող պրակտիկայի շրջանակում 2021 թվականից մինչև 2025 թվականի առաջին 11 ամիսները այս հիմքով վարորդական իրավունքից զրկվել է 2370 անձ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում