Ոստիկանները բացահայտել են շնամարտ կազմակերպելու դեպքեր
1 րոպեի ընթերցում

Ոստիկանները բացահայտել են շնամարտ կազմակերպելու դեպքեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից, նշելով, որ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
«Համայնքային ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացել: Պարզվել է, որ 2025 թ. ամռանը Պրիվոլնոյե գյուղի բնակիչ՝ 17-ամյա և Մեդովկա գյուղի բնակիչ՝ 18-ամյա երկու երիտասարդ Պրիվոլնոյեի հարակից դաշտում շնամարտ են կազմակերպել, ինչի հետևանքով շները ստացել էին տարբեր աստիճանի վնասվածքներ։
Շնամարտի մյուս դեպքը 2025 թ. ձմռանը Մեդովկա համայնքի հարակից դաշտում կազմակերպել էին նույն գյուղի բնակիչ՝ 42-ամյա և Տաշիր քաղաքի բնակիչ՝ 53-ամյա երկու տղամարդ, իսկ Մեդովկա գյուղի 18-ամյա բնակիչը այն նկարահանել և տեղադրել էր սոցիալական հարթակի իր էջում։ Այս դեպքում ևս շները տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել»,– մանրամասներ են հայտնում ՆԳՆ-ից։
Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Նախարարությունից հիշեցնում են, որ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, այդ թվում՝ կենդանիների մարտի կազմակերպումը կամ իրականացումը, քրեորեն պատժելի արարք են։