Օմանում մեկնարկել են Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները
1 րոպեի ընթերցում

Օմանի մայրաքաղաք Մասկատում մեկնարկել են Թեհրանի և Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցություններն Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։
Իրանական պատվիրակությունը գլխավորում է երկրի արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ Օմանը հանդես է գալիս բանակցություններում որպես միջնորդ։
Մասկատում IRIB-ի թղթակիցը հաղորդում է, որ այսօրվա բանակցությունները կկենտրոնանան միջուկային խնդրի և Իրանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման վրա։ Ըստ թղթակցի՝ Արաղչին Օմանի արտգործնախարարի հետ հանդիպմանը հայտնել է իր դիտարկումներն ու պահանջները, նաև զգուշացրել, որ ամերիկյան կողմը չափից մեծ պահանջներ չներկայացնի։
Արաղչին Օմանի իր գործընկեր Բադր բին Համադ ալ-Բուսայիդիին հայտնել է, որ Իրանը լիովին պատրաստ է պաշտպանելու իր ինքնիշխանությունն ու ազգային անվտանգությունը։