Հայաստանում 2026-2027 ուսումնական տարում կավարտվի հանրակրթության պետական նոր չափորոշիչի ներդրումը

8 րոպեի ընթերցում

Տավուշի մարզում  2021 թվականին մեկնարկած  հանրակրթության պետական նոր չափորոշիչի  փորձարկումը փուլային կերպով  տարածվել է ամբողջ հանրապետությունում՝ նույն տրամաբանությամբ: 2026-2027 ուսումնական տարում նոր  չափորոշիչով կսովորեն նաև տասներկուերորդ դասարանի աշակերտները, ինչով պայմանավորված՝ չափորոշիչի ամբողջական ներդրման գործընթացը կհամարվի ավարտված:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը նկատեց, որ սկզբնական փուլում  նոր չափորոշիչով ուսուցումը ներդրվել է երկրորդ, հինգերորդ, յոթերորդ դասարաններում, այնուհետև գործընթացը շարունակական է եղել՝ նույն սովորողների հետ առաջ շարժվելով հաջորդ դասարաններ:

2023 թվականից նոր մոտեցումը  սկսեց  կիրառվել ամբողջ հանրապետությունում: Այս ուսումնական տարում գործընթացին միացել են նաև  առաջին, չորրորդ, իններորդ և տասնմեկերորդ դասարանները:

Ըստ ծրագրի՝ 2026-2027 ուսումնական տարում նոր չափորոշիչով կսովորեն նաև տասներկուերորդ դասարանի աշակերտները, ինչի շնորհիվ  հանրակրթության պետական նոր չափորոշիչի  ամբողջական ներդրումը կհամարվի ավարտված:

Չափորոշիչի կարևոր բաղադրիչներից  մեկը դասագրքային քաղաքականությունն է․ դասագրքերի մի մասի համար մրցույթները հայտարարվել են նախորդ փուլերում, և ներկայումս տասներկուերորդ դասարանի մի շարք դասագրքեր արդեն պատրաստ են: Մյուս մասի համար մրցույթները հայտարարված են և առաջիկա օրերին պարզ կդառնա, թե որ դասագրքերի համար է հայտ ներկայացվել և կմեկնարկի փորձաքննության գործընթացը,  որոնց համար նոր մրցույթներ կհայտարարվեն: Մեր նպատակն է ապահովել, որպեսզի մինչև սեպտեմբեր բոլոր անհրաժեշտ  դասագրքերը լինեն երաշխավորված, տպագրված դպրոցներում հասանելի:

«Վերջին տարիներին իրականացված մի շարք ուսումնասիրությունները վկայում են կրթական համակարգում արձանագրված դրական տեղաշարժերի մասին: 2024-2025 թվականներին իրականացված գնահատումները, այդ թվում՝  Համաշխարհային բանկի կողմից իրականցված վերլուծությունը, ցույց է տվել չափորոշիչի ներդրման երկու տարվա արդյունքում կրթության որակի զգալի փոփոխություն՝ Տավուշի մարզի հետ այլ մարզի տվյալների համեմատությամբ:

Կարևոր են նաև միջազգային գնահատումների արդյունքները: TIMSS-2023 միջազգային ստուգատեսի տվյալները հրապարակվեցին 2024 թվականի դեկտեմբերին՝ ցույց տալով, որ Հայաստանի սովորողների արդյունքները նախորդ տարվա համեմատ զգալիորեն բարելավվել են բոլոր ուղղություններով, հատկապես  մաթեմատիկա  առարկայից: Այդ ստուգատեսի կարևոր ցուցանիշներից էր նվազագույն շեմը  հաղթահարած աշակերտների զգալի աճը»,-նշեց Թամարա Սարգսյանը:

Դրական միտումներ էին արձանագրվել նաև կրթության տեսչական մարմնի  կողմից իրականացված ընթերցանության ստուգումների ընթացքում. սահուն ընթերցող և կարդացածի վերաբերյալ հարցերի պատասխանող երեխաների թիվն աճել էր:

Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ կրթական բարեփոխումները կարճաժամկետում  արագ արդյունքներ չեն ապահովում, և հիմնական փոփոխությունները կատարվում են տևական ժամանակի ընթացքում:

Այս ուսումնական տարում առաջին անգամ հանրապետությունում կիրականացվի չորրորդ  դասարանի սովորողների  արտաքին գնահատում: Նախկինում չորրորդ դասարանի աշակերտները ուսումնական տարվա ավարտից հետո մայրենի և մաթեմատիկա առարկաններից հանձնել են ավարտական ամփոփիչ աշխատանքներ, որոնց արդյունքների  հիման վրա ձևավորվում էր նրանց ավարտական գնահատականը:

Նոր կարգավորմամբ տարրական դպրոցում  սովորողները միավորային գնահատականներ  չեն ստանում: Չորրորդ դասարանի ավարտին յուրաքանչյուր  սովորողի համար ձևավորվում է բնութագիր, որն արտացոլում է տարբեր առարկաներից  վերջնարդյունքների յուրացման մակարդակը:

Միաժամանակ, ուսումնական տարվա ընթացքում՝ մայիս ամսին (օրը նախապես կհրապարակվի) Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից  կկազմակերպվի արտաքին գնահատում, որի ընթացքում  մեկ միասնական թեստով սովորողները կկատարեն «Մայրենի», «Մաթեմատիկա» և «Ես և շրջակա աշխարհը» առարկաներին վերաբերող առաջադրանքներ:

Նշվում է  որ արտաքին ստուգումը չի գնահատվելու, դրա  արդյունքները չեն հրապարակվելու և որևէ  ազդեցություն չեն ունենալու երեխաների բնութագրերի ձևավորման վրա: Արտաքին գնահատման հիմնական նպատակը պետության կողմից հանրակրթության պետական նոր չափորոշիչի  ներդրման արդյունավետության գնահատումն է:

Հայաստանը նաև 2025 թվականին մասնակցել է PISA միջազգային հետազոտությանը, որի արդյունքները կհրապարակվեն 2026 թվականի սեպտեմբերին: Այդ արդյունքները կլինեն կարևոր ելակետ, քանի որ հետազոտությանը մասնակցել են  հիմնականում իններորդ  դասարանի աշակերտները, որոնք սովորում էին նախկին չափորոշիչով:

Կրթական համակարգը Հայաստանում իրավական տեսանկյունից  ամբողջությամբ ներառական է: Ներառական կրթությունն ապահովվում է  նախադպրոցական, դպրոցական և մասնագիտական կրթության բոլոր մակարդակներում: 2025 թվականի տվյալներով՝ դպրոց է հաճախում 9000, մանկապարտեզ՝ ավելի քան 1700 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա: Սա պայմանավորված է  ինչպես ֆինանսական աջակցությամբ՝ նախադպրոցական կրթության վճարների ամբողջական փոխհատուցմամբ, այնպես էլ ծնողների հետ տարվող իրազեկման և աջակցության աշխատանքներով:

Յուրաքանչյուր երեխայի համար դպրոցին հատկացվում է խելամիտ  հարմարեցումների  ֆինանսավորում, որը կարող է օգտագործվել անհրաժեշտ սարքավորումների, ծրագրերի  հարմարեցումների համար:

2025 ուսումնական տարին  հռչակվել է անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի: Տարվա ընթացքում իրականացվել են  թեմատիկ  միջոցառումներ, ճանապարհային անվտանգությունից մինչև կիբեռանվտանգություն, բուլինգի  կանխարգելում և թմրամիջոցների դեմ պայքար: Կազմակերպվել են ուսուցիչների, աշակերտների և նախադպրոցական  մասնագետների համաժողովներ, մշակվել և դպրոցներին տրամադրվել է  անվտանգության ուղեցույց:

Իններորդ դասարանում ներդրվել է նաև ավարտական քննությունների նոր մոտեցում:  Հայ գրականություն և Հայաստանի պատմություն առարկաներից  իրականացվելու է  միասնական ինտեգրված էսսե, որի նպատակն է ստուգել ոչ թե  առանձին գիտելիքները, այլ սովորողների վերլուծական, համադրական կարողությունները, արժեքայի մոտեցումները, դրանք հիմնավորելու կարողությունները:

Մյուս փոփոխությունը վերաբերում է 9-րդ դասարանում բնագիտական առարկաներից նախագիծ ընտրելու հնարավորությանը: Երեխաները կարող են ընտրել թեստով, կամ ինտեգրված քննական նախագծով ամփոփիչ աշխատանքի ձևը: Մյուս առարկաների դեպքում  քննությունների ձևերը նույնն են, իսկ բովանդակությունը, բնականաբար, համապատասխանեցված է չափորոշիչով սահմանված վերջնարդյունքները ստուգելուն:

«Տասներկուերորդ դասարանի ավարտական  և միասնական քննություններն այս տարի կիրականացվեն  նույն կարգով, քանի որ  այդ դասարանի աշակերտները շարունակում են սովորել հին չափորոշիչով»,- եզրափակեց Թամարա Սարգսյանը:

Լուսինե Ջալալյան

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն