Հայաստանն աշխարհի աստղագիտական քարտեզի վրա

7 րոպեի ընթերցում

Աստղագիտության ոլորտում Հայաստանի և, առհասարակ, հայերի ներդրումն այնքան ծավալուն և արժեքավոր է, որ տարածքով փոքր մեր երկիրը տասնամյակներ շարունակ կայուն կերպով առաջատար դիրքեր է զբաղեցնում աշխարհում: Հայ աստղագետներից շատերը համաշխարհային ճանաչման են արժանացել, նրանց աշխատանքներն այսօր էլ ուղեցույց և ուղենիշ են միջազգային համարում ունեցող գիտնականների և գիտական հաստատությունների համար: Ավելի համոզիչ լինելու համար անդրադառնանք որոշ փաստերի և թվերի, որոնց մի մասը ներկայացրեց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը:

Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անունը վաղուց դարձել է ոչ միայն հայկական, այլև համաշխարհային աստղագիտության հոմանիշներից մեկը: Նրա հայտնագործությունները նպաստել են տիեզերքի մասին մարդկանց գիտելիքների շեշտակի ընդլայնմանը և այդ անծայրածիր տարածությունում ընթացող որոշ պրոցեսների խորը ըմբռնմանը: Մասնավորապես, 1947 թվականին հայ մեծանուն գիտնականը հայտնաբերել է աստղասփյուռները՝ ապացուցելով աստղերի՝ խմբերով առաջացման և ներկայում Գալակտիկայում ընթացող աստղառաջացման շարունակական գործընթացների փաստը: 1950-ականների կեսերին Վիկտոր Համբարձումյանն առաջ է քաշել գալակտիկաների միջուկների ակտիվության վարկածը, որի արդյունքում զարգացել է աստղաֆիզիկայի նոր ուղղություն։

Մեկ այլ ճանաչված գիտնական Բենիամին Մարգարյանը 1965-1980 թվականներին Բյուրականի աստղադիտարանում իրականացրել է Բյուրականյան առաջին շրջահայությունը, որը նաև ակտիվ գալակտիկաների որոնման նոր մեթոդ էր։ 2011 թվականից այն ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» փաստագրական ժառանգությունների միջազգային գրանցամատյանում և համարվում է Հայաստանի՝ նշված կազմակերպության կողմից ճանաչված 12 արժեքներից մեկը: Ընդ որում՝ հայաստանյան միակ գիտական ժառանգությունը:

Գրիգոր Գուրզադյանը Բյուրականի աստղադիտարանում է նախագծել և կառուցել նախկին ԽՍՀՄ առաջին տիեզերական աստղադիտարանները՝ գերմանուշակագույն տիրույթում աշխատող «Օրիոն»-ը (1971) և «Օրիոն-2»-ը (1973), որոնք գործել են խորհրդային տիեզերանավերի վրա: Ավելի ուշ Հ. Թովմասյանը նախագծել և կառուցել է «Գլազար» տիեզերական աստղադիտարանը, որը 1987 թվականին կիրառվել է խորհրդային «Միր» տիեզերակայանում:

ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանն աշխարհի այն բացառիկ աստղադիտարաններից է, որտեղ ամենաշատ տիեզերական նոր օբյեկտներ են հայտնաբերվել։ Ի դեպ, շուրջ 14500 տիեզերական օբյեկտներ ունեն հայկական անվանումներ։

Հատկանշական է, որ ամբողջ աշխարհում գործում են 700 աստղադիտարաններ, որոնց առկայությամբ կարող են պարծենալ ընդամենը 73 երկրներ:

Աշխարհում աստղագետների թիվը հասնում է 30 հազարի, որոնցից 60-ը Հայաստանից են: Բացի այդ, տարբեր երկրներում աշխատում են 257 հայ աստղագետներ:

Հայաստանը Միջազգային աստղագիտական միությանն (ՄԱՄ) անդամակցող 87 երկրներից է: Այս կազմակերպության անդամ են հայաստանցի 25 գիտնականներ: Ընդհանուր առմամբ, ՄԱՄ-ն ունի շուրջ 12700 անդամ:

ՄԱՄ-ի ստեղծած աստղագիտական 11 տարածաշրջանային կենտրոններից մեկի՝ Հարավ-Արևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կենտրոնի աշխատանքների համակարգողը Հայաստանն է:

ՄԱՄ-ն ունեցել է 34 նախագահ. 1961-64 թվականներին կազմակերպությունը գլխավորել է Վիկտոր Համբարձումյանը:

ՄԱՄ-ն իր պատմության ողջ ընթացքում անցկացրել է 403 գիտաժողով, որոնցից 7-ը տեղի են ունեցել Հայաստանում: Բյուրականի աստղադիտարանի շնորհիվ համանուն գյուղը՝ Փարիզի, Հռոմի, Վիեննայի, Պեկինի հետ դասվում է աշխարհի այն բնակավայրերի շարքին, որտեղ առավել հաճախ են անցկացվել ՄԱՄ պաշտոնական գիտաժողովներ։

Բյուրականի աստղադիտարանի 1 մետր տրամագծով Շմիդտի համակարգի աստղադիտակն աշխարհի 10 խոշորագույն լայնանկյուն աստղադիտակներից մեկն է։ Իսկ 2.6 մետրանոց աստղադիտակը Եվրասիայի, Աֆրիկայի և Ավստրալիայի տարածաշրջանների 10 խոշորագույն աստղադիտակներից է։ Տեղադրման պահին (1975 թվականին) այն չափերով 7-րդն էր աշխարհում: Հիմա աշխարհում գործող 70 համանման աստղադիտակներից 48-րդն է իր մեծությամբ:

2013 թվականին Հայաստանի կառավարությունը Բյուրականի աստղադիտարանին շնորհել է ՀՀ Ազգային արժեքի կարգավիճակ՝ Մատենադարանի և Ցեղասպանության ինստիտուտի հետ մեկտեղ։

Աշխարհում միայն 20 երկիր ունի վիրտուալ աստղադիտարան, դրանցից մեկը Հայաստանն է: Հայկական վիրտուալ աստղադիտարանը հիմնադրվել է 2005 թվականին. այն Վիրտուալ աստղադիտարանների միջազգային ալյանսի (ՎԱՄԱ, IVOA) 23 նախագծերից մեկն է: Դրանցից երկուսն, ի դեպ, ունեն համաեվրոպական, իսկ 1-ը՝ միջազգային կառույցի կարգավիճակ:  

Աշխարհում թողարկվում է 91 աստղագիտական ամսագիր, որոնցից 2-ը Հայաստանում՝ «Աստղաֆիզիկա»-ն և «Բյուրականի աստղադիտարանի հաղորդումներ»-ը:

Եվրոպայում գործում է աստղագիտական 32 ընկերություն, որոնցից մեկը հայկականն է:

Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Պաբլո Ներուդան (Չիլի), Սուբրամանյան Չանդրասեկհարը (ԱՄՆ), Չարլզ Թաունսը (ԱՄՆ), Ֆրենսիս Քրիկը (Մեծ Բրիտանիա), Ֆրիմեն Դայսոնը (ԱՄՆ), Պյոտր Կապիցան (ԽՍՀՄ) և Շինիչիրո Տոմոնագան (Ճապոնիա), բազում այլ ականավոր գիտնականներ են այցելել Բյուրականի աստղադիտարան՝ ծանոթանալու հայտնի աստղագիտական ​​​​կենտրոնի հետ, ուսումնասիրելու դրա գիտական ​​​​ծրագիրը, հայ գործընկերների հետ քննարկելու տարբեր գիտական ​​​​խնդիրներ և մասնակցելու համատեղ հետազոտություններին:

Հայաստանը թեպետ պահպանում է տարածաշրջանի առաջատար աստղագիտական պետության կարգավիճակը, բայց հարևան երկրները ջանք չեն խնայում մեր հանրապետությանը լուրջ մրցակցություն կազմելու համար: Ըստ Արեգ Միքայելյանի`  Թուրքիայում արդեն տեղադրել են 4, իսկ Իրանում՝ 3.6 մետրանոց դիտակներ: Ադրբեջանի նախագահն էլ հատուկ հոգածության տակ է վերցրել այդ երկրի աստղադիտարանը:

Վրաստանի կառավարությունը տեղի աստղադիտարանին տարեկան 10 մլն դոլար է հատկացնում՝ հատուկ ծրագրերի իրականացման և զարգացման համար: Բյուրականի աստղադիտարանի տարեկան բյուջեն 255 մլն դրամ է (շուրջ 671 հազար դոլար):

Հայերեն Русский

ԱՄՆ պետքարտուղարը չի մասնակցի ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններին

Ֆրանսիայի նախագահը կարծում է, որ Ուկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են

Գերմանիայի կանցլերը հայտարարել է ՆԱՏՕ-ի եվրոպական ուղղությունն ամրապնդելու իր ցանկության մասին

Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը

Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ

Կալիֆոռնիայում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Լրագրության ապագան՝ նոր տեխնոլոգիաների ու ժամանակակից մարտահրավերների պայմաններում. ամփոփվել են Գլոբալ մեդիայի ֆորումի աշխատանքները

ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը

ՆԳՆ ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը