Հայաստանի ազգային պատկերասրահն անցած տարի գրանցել է անկախության շրջանի ամենամեծ թվով այցելությունը
9 րոպեի ընթերցում

Հայաստանի ազգային պատկերասրահը 2025 թվականին գրանցել է անկախության շրջանի ամենամեծ թվով այցելությունը՝ 131,6 տոկոսով գերազանցելով 2019 թ․ ցուցանիշները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 4-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում նշել է պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը՝ հավելելով, որ 2019-ին, մինչև վերանորոգումը, թանգարանն ընդունել է շուրջ 45 հազար այցելու, իսկ 2025 թվականին շուրջ 2,5 անգամ ավելի։
Պետական միջոցներով, ինչպես նաև սեփական եկամուտներով ու մասնավորի որոշակի ներգրավմամբ 2020-2025 թվականներին պատկերասրահը ոչ միայն վերանորոգել ու արդիականացրել է գլխավոր մասնաշենքն ու 6 մասնաճյուղերը, այլև վերակազմավորվել-վերաիմաստավորվել է որպես ժամանակակից, բաց և միջազգային չափանիշներին համապատասխան մշակութային հարթակ՝ հավատարիմ մնալով իր հիմնական առաքելությանը։
Վերջին հինգ տարիներին Ազգային պատկերասրահի կողմից իրականացվել է ավելի քան 300 ցուցահանդես` Հայաստանում և արտերկրում. «Նվիրատուներ և նվիրատվություններ», «Վերականգնված ցուցանմուշի պատմություն», «Մեր սարերը», «Հեռապատումներ», ինչպես նաև ժամանակակից արվեստի բացահայտմանն ուղղված մի շարք կարևոր ծրագրեր։
Ազգային պատկերասրահը միայն 2025 թ․ կազմակերպել է շուրջ 90 ցուցահանդես, գրանցելով 77 տոկոս աճ 2019-ի համեմատ։ Ժամանակավոր ցուցադրություններն առանձնացել են նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ (պրոյեկցիաներ, VR միջավայրերի ձևավորում, էկրանների կիրառում և այլն):
Հաշվետու ժամանակահատվածում հիմնադրվել է գեղարվեստական լուսանկարչության բաժինը՝ ընդլայնելով պատկերասրահի գիտական և ցուցադրական հորիզոնները։
Ազգային պատկերասրահի գլխավոր մասնաշենքի 8 հարկում իրականացվել են լայնածավալ վերանորոգման և արդիականացման, ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներ, տեղադրվել են նոր վերելակներ գլխավոր և վարչական մասնաշենքերում, լուսային, տեսահսկման նոր համակարգեր, ջերմախոնավային համակարգ, բարելավվել են այցելուների սպասարկման և նմուշների ցուցադրման, պահպանման, անվտանգության պայմանները։
Միաժամանակ վերանորոգվել և արդիականացվել է Երևանում և հանրապետության 5 մարզում գտնվող պատկերասրահի 6 մասնաճյուղ` ապահովելով մշակութային կյանքի հավասարաչափ զարգացում ամբողջ երկրում։
Մասնաճյուղերը վերանորոգվել են պետական ֆինանսավորմամբ ու թանգարանի սեփական միջոցներով, որոշ դեպքերում` մասնավորի ներգրավմամբ Ազգային պատկերասրահի գլխավոր մասնաշենքում և մասնաճյուղերում վերջին տարիներին վերանորոգվել և արդիականացվել է շուրջ 8000 քմ տարածք։
Չորս տարի տևած վերանորոգման և արդիականացման աշխատանքներից հետո 2025 թ․ ապրիլի 15-ին Հայաստանի ազգային պատկերասրահի գլխավոր մասնաշենքը բացել է իր դռները՝ ներկայանալով այցելուին նոր մշտական ցուցադրությամբ: Վերափոխված հայեցակարգի առանցքային նպատակներից է ներկայացնել հայկական կերպարվեստը որպես համաշխարհային արվեստային գործընթացների լիիրավ և կարևոր մաս։ Ֆոնդապահոցներից հանվել և մշտական ցուցադրությունում են ընդգրկվել 400-ից ավելի նոր ցուցանմուշ, որոնց զգալի մասը ներկայացվել է առաջին անգամ (ներառյալ դեկորատիվ-կիրառական արվեստի եզակի նմուշներ պատկերասրահի «Ոսկե ֆոնդից»)։
Այսօր այցելուն հնարավորություն ունի տեսնելու հայկական կերպարվեստի հսկաներ Հակոբ Հովնաթանյանի, Հովհաննես Այվազովսկու, Վարդգես Սուրենյանցի, Եղիշե Թադևոսյանի, Հակոբ Կոջոյանի, Գեորգի Յակուլովի, Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի և մյուսների հրաշալի ստեղծագործությունները: Ցուցադրված են նաև իտալական վերածննդի ու բարոկկոյի նշանավոր ներկայացուցիչներ Տինտորետտոյի, Դոնատելլոյի, Գարոֆալոյի, Ստրոցցիի, Գվերչինոյի և բարբիզոնյան դպրոցի հայտնի արվեստագետներ Թեոդոր Ռուսսոյի, Դիազ դե լա Պենյայի, ռեալիզմի ամենավառ ներկայացուցիչ Գյուստավ Կուրբեի, ռուսական ավանգարդի վարպետներ Կանդինսկու, Շագալի, Ֆալկի և այլոց գեղանկարչական ու գրաֆիկական, քանդակային գլուխգործոցները, ինչպես նաև դեկորատիվ-կիրառական արվեստի եզակի նմուշներ (բացառիկ կահույք, սպասք, զարդեղեն, զենք ևն), որոնց մի մասը ցուցադրվում է առաջին անգամ։
Վերանորոգմանն ու արդիականացմանը զուգահեռ, Ազգային պատկերասրահն իրականացրել է մի շարք միջազգային կարևոր գիտահետազոտական ցուցահանդեսային ծրագրեր, գիտաժողովներ Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հնդկաստանի, Լեհաստանի, Ռուսաստանի և այլ մի շարք մշակութային հեղինակավոր կառույցների հետ։ Նմանօրինակ համագործակցությունները կշարունակվեն նաև այս տարի:
Հաշվետու շրջանում թանգարանը հրատարակել է մի քանի տասնյակ հայերեն և օտարալեզու ալբոմներ ու կատալոգներ, տպագրել գիտական հոդվածներ, կազմակերպել միջազգային գիտաժողովներ, այդ թվում՝ «Իմպրեսիոնիզմներ. պատմություններ լուսանցքներից» միջազգային լայնածավալ գիտաժողովը Երևանում։ Սկիզբ է դրվել թանգարանի գիտական տարեկան գործունեությունն արտացոլող Տարեգրքի, ինչպես նաև ցուցահանդեսների կատալոգների շարքի հրատարակմանը։ Պատկերասրահը համագործակցել է մի շարք միջազգային հեղինակավոր հրատարակչությունների, պարբերականների ու ամսագրերի հետ (Ռեմբրանդտի տուն-թանգարան, Օքսֆորդի համալսարանի հանրագիտարան, Գառաժ ժամանակակից արվեստի թանգարան, Պետական Էրմիտաժ, ՀԲԸՄ ամսագիր Նյու Յորքում, Medstroms հրատարակչություն Շվեդիայում, Բելվեդեր պատկերասրահ, Le Figaro Hostorie, Marsilio Editori Իտալիայում և այլն):
Հայաստանի ազգային պատկերասրահում է գտնվում հանրապետությունում վերականգնման կարևորագույն, իսկ գեղանկարչության բնագավառում՝ եզակի արվեստանոցներից մեկը։ Վերջին հինգ տարիներին արվեստանոցի առաջատար մասնագետները վերականգնել և ամրակայել են շուրջ 2000 թանգարանային առարկա։ Միայն 2025 թվականին վերականգնման տարեկան ցուցանիշը հասել է շուրջ 800-ի՝ գրանցելով 681%-անոց աճ՝ 2019 թվականի համեմատ։ Ինչպես նաև, ամբողջությամբ մաքրվել, ցուցադրությանն է նախապատրատվել շուրջ 1500 թանգարանային առարկա։
Այս շրջանում նվիրատվությունների և ձեռքբերումների, ինչպես նաև թանգարանների ֆոնդերի համալրման պետական ծրագրի շրջանակներում թանգարանի հարուստ հավաքածուն համալրվել է մի շարք դասական և ժամանակակից արվեստագետների ստեղծագործություններով, առանձին ամբողջական հավաքածուներով, ինչպես նաև դեկորատիվ-կիրառական արվեստի եզակի նմուշներով (Գ․ Բաշինջաղյան, Ս․ Մուրադյան, Ա․Գրիգորյան, Դ․ Կուտատելաձե, Հ․ Հակոբյան, Ա․ Չաքմաքչյան, Գ․ Գյուրջյան, Տ․Դադերյան ևն): Պետական ֆինանսավորմամբ և Մշակույթի զարգացման հիմնադրամի միջոցով Սոթբիս աճուրդային տնից 2025 թ․ ձեռք է բերվել Արշիլ Գորկու ստեղծագործություններից մեկը։
ՀՀ կառավարության որոշմամբ և ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարները Կառավարական տուն 1 հասցեից տեղափոխվել են Մինաս Ավետիսյանի թանգարան-մասնաճյուղ` Ջաջուռում։
Թանգարանն իրականացրել է ավելի քան 1600 կրթական ծրագիր։ Ընդլայնվել են թիրախային խմբերը, ստեղծվել նոր կրթական ծրագրեր Երևանում և մարզերում՝ նպաստելով նաև թանգարանային գործունեության ապակենտրոնացմանը։ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ 2022 թ-ից Ազգային պատկերասրահն իրականացնում է «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը, որն ուղղված է մարզերի մշակութային կյանքի ակտիվացմանն ու արվեստ- կրթություն կապի ամրապնդմանը։ Ստեղծվել են մի շարք ներառական ծրագրեր («Խոսող կտավներ», «Շոշափելի ճարտարապետություն» և այլն), ինչպես նաև հատուկ կրթամշակութային ծրագրեր ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների դատապարտյալների համար՝ դարձնելով պատկերասրահը բաց ու հասանելի թիրախային տարբեր խմբերի համար։ Ամբողջությամբ վերակազմակերպվել է Ամառային դպրոցը։