Ուֆայում զինված դպրոցականը կրակ է բացել ուսումնական հաստատությունում
2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի Ուֆա քաղաքում զինված դպրոցականը հարձակվել է ուսումնական հաստատության վրա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է РЕН ТВ-ն՝ հղում անելով իր աղբյուրին։ Տեղեկատվության համաձայն՝ աշակերտն արդեն ձերբակալվել է։
«Ուֆա օնլայն»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ հարձակումը իրականացրել է 9-րդ դասարանի աշակերտը, որի մոտ եղել է օդամղիչ ատրճանակ։ Պարբերականի տվյալներով՝ սկզբում լսվել է պայթյունի նման ձայն, որից հետո դպրոցականը ներխուժել է շենք և կրակ բացել ներսում գտնվողների ուղղությամբ։ Ուժային կառույցները շրջափակել են թաղամասը, փակվել են գիմնազիայի մուտքերը։
Տարածաշրջանի ՆԳՆ-ից հայտնել են, որ միջադեպը տեղի է ունեցել Ուֆայի թիվ 16 գիմնազիայում։
«Նշված հասցեով անմիջապես ժամանել են ոստիկանության, Ռոսգվարդիայի և արտակարգ ծառայությունների աշխատակիցները», – նշել են գերատեսչությունում։
Նախնական տվյալներով՝ դպրոցականը դասի ընթացքում պլաստիկ օդամղիչ ինքնաձիգից մի քանի կրակոց է արձակել ուսուցչի և երեք համադասարանցիների ուղղությամբ, ինչպես նաև պայթեցրել է ճայթռուկ։
Բաշկիրիայի կառավարության փոխվարչապետ Ուրալ Կիլսենբաևը հայտնել է, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Դեռահասը ձերբակալվել է ոստիկանության պարեկապահակային ծառայության և Ռոսգվարդիայի աշխատակիցների կողմից։ Դեպքի առթիվ հարուցվել են քրեական գործեր, այդ թվում՝ անփութության հոդվածով։