Հայաստան

ԱՍՀ նախարարին կից նոր ձևավորված հասարակական խորհրդի առաջին նիստում քննարկվել է Անապահովության գնահատման նոր համակարգը

2 րոպեի ընթերցում

ԱՍՀ նախարարին կից նոր ձևավորված հասարակական խորհրդի առաջին նիստում քննարկվել է Անապահովության գնահատման նոր համակարգը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի նախագահությամբ՝ տեղի է ունեցել նախարարին կից նոր ձևավորված հասարակական խորհրդի առաջին նիստը, որի ընթացքում քննարկվել են Անապահովության գնահատման նոր համակարգի ընթացքն ու նախատեսվող արդյունքները։

Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունը։ 

Կարևորելով հասարակական խորհրդի նոր կազմի աշխատանքների մեկնարկը՝ նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների, ծրագրերի և աշխատանքների գործում նշանակալի ներդրում կարող են ունենալ հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկները։ 

«Անդրադառնալով անապահովության գնահատման նոր համակարգի աշխատանքներին՝ նախարարը ընդգծել է, որ ակտիվ զբաղվածության ծրագրերի իրականացմամբ համակարգը անձին հնարավորություն է տալու ստեղծել կայուն եկամուտ, ունենալ լիարժեք զբաղվածություն և բարելավել իր կենսապայմանները։ Նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը խորհրդի անդամներին ներկայացրել է Անապահովության գնահատման նոր համակարգը, նպաստի իրավունքի ձեռքբերման և դիմելու ընթացակարգերը, ընտանիքի անապահովության մակարդակի և կեցության պայմանների գնահատումը, շահառուների նոր շրջանակը և չափորոշիչները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նիստը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով․ խորհրդի անդամները ներկայացրել են իրենց առաջարկություններն ու դիտարկումները։

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում