Քաղաքականություն

ՔՊ-ում ոչ կանոնավոր և կոռուպցիոն տեսանկյունից խնդրահարույց գործողությունները չեն հանդուրժվելու. Փաշինյանը՝ Հայկ Սարգսյանի շուրջ իրավիճակի մասին

2 րոպեի ընթերցում

ՔՊ-ում ոչ կանոնավոր և կոռուպցիոն տեսանկյունից խնդրահարույց գործողությունները չեն հանդուրժվելու. Փաշինյանը՝ Հայկ Սարգսյանի շուրջ իրավիճակի մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի շուրջ ստեղծված իրավիճակին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը մերժել է իրեն գրանցել որպես առաջիկա խորհրդարանական ընտրություններում պատգամավորի թեկնածու՝ շեշտելով, որ ինքը բողոքարկելու է այդ որոշումը։ Դրանից հետո Սարգսյանը հայտնել էր, որ իր բողոքարկումը քննարկվել է ու կրկին մերժում է ստացել։ Սարգսյանն ասել էր, որ այլևս թեմային չի անդրադառնալու, իսկ ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու անհրաժեշտություն չի տեսնում։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունվարի 29-ին կայացած ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը նշեց, որ Հայկ Սարգսյանի հարցը ՔՊ վարչությունում մի քանի անգամ է քննարկվել, և ինքը չի  կարծում, որ այդ քննարկումների բովանդակությունը հանրային դարձնելուն ուղղված գործողությունները կբխեն Հայկ Սարգսյանի շահերից։

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում նախ ամիսներ առաջ խիստ նկատողություն է հայտարարվել Հայկ Սարգսյանին, դա ունեցել է կոնկրետ պատճառ։ Դրան հետևել են իրավական ընթացակարգեր, և այդ պատմությունն ընդամենը մեկ բանի մասին է, որ ՔՊ-ում այդ թվում իր անդամների ոչ կանոնավոր և կոռուցիոն տեսանկյունից խնդրահարույց գործողությունները չեն հանդուրժվելու, և սա պետք է պարզ լինի բոլորին»,- ասել է Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում