2 րոպեի ընթերցում
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատում է՝ չկա եկեղեցի-պետություն հակամարտություն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանը նշեց կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում:
«Կա եկեղեցու իշխանությունն ուզուրպացրած անձ, որը ոչ մի պայմանով չի կարող լինել այդ պաշտոնում, և մենք թույլատրելի և օրինական բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկելու ենք նրան իրեն ոչ արժանի տեղից դուրս բերելու համար»,-ասաց վարչապետը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025թ․ հունիսի 10-ին առաջարկել է ստեղծել համակարգող խորհուրդ, որը գործուն քայլեր կձեռնարկի կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ։
Ավելի վաղ ՀՀ վարչապետը Ն.Ս.Օ.Օ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսին և մի խումբ բարձրաստիճան հոգևորականների մեղադրել էր կուսակրոնության ուխտը խախտելու մեջ՝ հայտարարելով՝ եթե պարզվի, որ Գարեգին Բ-ն իսկապես խախտել է իր կուսակրոնության ուխտը և երեխա է ունեցել, նա չի կարողանա լինել Ամենայն Հայոց կաթողիկոս։
Եկեղեցականներն էլ իրենց հերթին ՀՀ վարչապետին մեղադրում են հակաեկեղեցական արշավ սկսելու մեջ:
2026 թվականի հունվարի 4-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և 10 եպիսկոպոսներ ու արքեպիսկոպոսներ հայտարարություն են տարածել Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հայտարարության տակ ստորագրածները ձևավորում են համակարգող խորհուրդ, որին վերապահում են Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման կազմակերպչական գործառույթները։ Կազմը կարող է ընդլայնվել համակարգող խորհրդի միաձայնությամբ։