Հայաստան

ՄԱԶԾ-ն Հայաստանում մեկնարկում է 100 մլն դոլար բյուջեով նոր ծրագիր

3 րոպեի ընթերցում

ՄԱԶԾ-ն Հայաստանում մեկնարկում է 100 մլն դոլար բյուջեով նոր ծրագիր

Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) մեկնարկում է 2026–2030 թվականների նոր համագործակցության ծրագիր, որի ընդհանուր բյուջեն կկազմի 100 միլիոն ԱՄՆ դոլար։

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին՝ ՄԱԶԾ-ի գործունեության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ընթացքում։ 

Նրա խոսքով՝ նոր ծրագիրը մշակվել է Հայաստանի կառավարության և շահագրգիռ կողմերի հետ լայն ու ներառական խորհրդատվությունների արդյունքում և միտված է այնպիսի զարգացման ապահովմանը, որը օգուտ կտա բոլորին, հատկապես՝ առավել խոցելի խմբերին։

«ՄԱԶԾ-ն Հայաստանում մեկնարկում է 2026–2030 թվականների համար նախատեսված նոր ծրագիր՝ 100 միլիոն դոլար ընդհանուր բյուջեով։ Այն ընդգրկում է սոցիալ-տնտեսական զարգացումը, ժողովրդավարական կառավարումը, տնտեսական աճը, կլիմայի փոփոխության դեմ պայքարը, գենդերային հավասարությունը և նորարարությունը»,- նշեց Նացվլիշվիլին։ 

Նա ընդգծեց, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում ՄԱԶԾ-ն ուղեկցել է Հայաստանին զարգացման տարբեր փուլերում՝ հակամարտություններից և բնական աղետներից մինչև վերականգնում և կայուն զարգացում։ 

«Այդ ընթացքում ՄԱԶԾ-ի աջակցությունից օգտվել է ավելի քան 1 միլիոն մարդ, իսկ Հայաստանի զարգացման մեջ ներդրվել է ավելի քան 500 միլիոն դոլար»,- ընդգծեց Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը։

Նատիա Նացվլիշվիլին նշեց, որ ծրագրի հաջողությունը հիմնված է վստահության, ընդհանուր արժեքների և ազգային պատասխանատվության վրա ձևավորված գործընկերության վրա՝ ընդգծելով Հայաստանի կառավարության դերակատարումը ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, սոցիալական ներառման և կլիմայական քաղաքականության առաջմղման գործում։

Նա նաև տեղեկացրեց, որ 2026 թվականից Հայաստանը կդառնա ՄԱԶԾ գործադիր խորհրդի անդամ, ինչը, նրա գնահատմամբ, վկայում է միջազգային հանրության վստահության մասին՝ գլոբալ զարգացման համագործակցության մեջ Հայաստանի ունեցած կառուցողական դերի նկատմամբ։

Միջոցառման ավարտին Նաթիա Նացվլիշվիլին շնորհակալություն  հայտնեց Հայաստանի կառավարությանը, դոնորներին, գործընկերներին, քաղաքացիական հասարակությանը և ՄԱԶԾ թիմին՝ ընդգծելով, որ կազմակերպությունը լիովին հանձնառու է շարունակել աջակցությունը Հայաստանի ժողովրդին նաև առաջիկա տարիներին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում