Հայաստան

Մեկնարկել է ՅՈՒՆԻՍԵՖ-Հայաստան 2026-2030 թթ․ համագործակցության ծրագիրը

3 րոպեի ընթերցում

Մեկնարկել է ՅՈՒՆԻՍԵՖ-Հայաստան 2026-2030 թթ․ համագործակցության ծրագիրը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը մասնակցել է ՅՈՒՆԻՍԵՖ-Հայաստան 2026-2030 թթ․ համագործակցության ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են նախարարությունից։

«Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի եզրափակիչ դիտարկումներ» թեմայով պանելային քննարկման շրջանակում Տաթևիկ Ստեփանյանը ներկայացրել է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի կողմից Հայաստանի վերաբերյալ ընդունված եզրափակիչ դիտարկումները:

Նա ընդգծել է, որ Կոմիտեի կողմից ներկայացված դիտարկումները քաղաքական և օրենսդրական բարեփոխումների հստակ ուղեցույց են, որոնց առանցքում Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի հիմնական գաղափարն է, այն է՝ յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ապրել անվտանգ, պաշտպանված և արժանապատիվ միջավայրում: 

Նախարարի տեղակալի խոսքով՝ Կոմիտեի հիմնական դիտարկումները վերաբերում են օրենսդրական, վարչական գործընթացներում, դատական վարույթներում երեխայի լավագույն շահերի ապահովմանը, ինչպես նաև այնպիսի ընթացակարգերի և չափորոշիչների մշակմանը, որոնք որպես ուղեցույց կծառայեն երեխաների հետ աշխատող և երեխաների շահերը ներկայացնող համապատասխան բոլոր մասնագետների համար: 

Նա նշել է, որ «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին», «Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումները» և հարակից փաթեթների ընդունումը համակարգային արձագանք է Կոմիտեի առանցքային առաջարկներին և միաժամանակ ստեղծում է Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի գործնական իրականացման հիմքը: 

Տաթևիկ Ստեփանյանը նաև ընդգծել է, որ տվյալ փաստաթղթերը հնարավորություն են տալիս երեխայի լավագույն շահի սկզբունքը դարձնել գործնական և չափելի՝ սահմանելով հստակ ընթացակարգեր, չափորոշիչներ և մասնագիտական պատասխանատվություն բոլոր ոլորտներում որոշումներ կայացնելիս:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը և պաշտոնատար այլ անձինք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում