Իրավունք

ՔԿ-ն հերքել է զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթի շրջանակներում 9 անձի ձերբակալման մասին լուրը

2 րոպեի ընթերցում

ՔԿ-ն հերքել է զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթի շրջանակներում 9 անձի ձերբակալման մասին լուրը

Հայաստանի քննչական կոմիտեն հերքել է մամուլում տարածվող լուրը, թե զինծառայող Վահան Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ ինքնասպանության հոդվածով հարուցված քրեական վարույթի շրջանակներում 9 անձ է ձերբակալվել։

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ այդ քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է 1 անձ, որն այնուհետև կալանավորվել է։

«2026 թվականի հունվարի 16-ին հայտնել եմ, որ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձերբակալվել է 1 անձ: Հավելեմ՝ այդ անձն այս պահին կալանավորված է: Վերահաստատում եմ՝ քրեական վարույթի նախաձեռնման պահից սկսած միայն 1 անձ է ձերբակալված եղել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է Ավդալյանը: 

Հունվարի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ժամը 09:50-ի սահմաններում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով։

Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ զինծառայողի մահվան դեպքի առթիվ 2026 թվականի հունվարի 14-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում