Միջազգային ճանաչում ունեցող երաժիշտ Նիկոլաս Ջաարը աշխատարան է անցկացրել Երևանում
2 րոպեի ընթերցում

Միջազգային ճանաչում ունեցող երաժիշտ, կոմպոզիտոր և պրոդյուսեր Նիկոլաս Ջաարը, որի Pomegranates ալբոմը հայտնի է որպես Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի ալտերնատիվ սաունդթրեք, եռօրյա աշխատարան է անցկացրել Երևանում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ աշխատարանն իրականացրել է Urvakan փառատոնը՝ hosq մշակութային հիմնադրամի հետ։ Այն բաց է եղել երաժշտությամբ, արվեստով ու ստեղծարար գործընթացներով հետաքրքրված բոլորի համար՝ անկախ մասնագիտական ուղուց կամ փորձառությունից։

Աշխատարանը կառուցված է եղել որպես բաց, մասնակցային միջավայր, որտեղ ընթացքը ձևավորվել է մասնակիցների հետաքրքրություններից, ներքին ռիթմից և խմբային փոխազդեցություններից։ Այն ընդգրկել է համատեղ իմպրովիզացիոն գործընթացներ, խմբային քննարկումներ և խորքային համատեղ լսումներ՝ մասնակիցներին հնարավորություն տալով հնչյունի, խոսքի և ներկայության նոր շերտեր գտնել։
«Այս երեք օրվա ընթացքում ամենակարևորը տարբերությունների ներկայությունն էր։ Բոլորս տարբեր մտածողությամբ, փորձով, աշխարհայացքով էինք, և դա ոչ թե խանգարում էր, այլ միջավայրը դարձնում էր կենդանի և անվտանգ։ Կուզեի, որ աշխարհում էլ տարբերությունները ոչ թե վախեցնեին, այլ ողջունվեին։ Շնորհակալ եմ այս երեք օրերի համար՝ որպես մարդկային և ստեղծարար փորձառություն»,-նշում է ծրագրի մասնակիցներից Զեփյուռը։

«Կան երևույթներ, որոնք բառերով դժվար է արտահայտել։ Այս օրերին զգում էի, որ երաժշտությունն է խոսում, ոչ թե բառերը։ Ինձ համար սա դասընթաց չէր, այլ ամբողջական պերֆորմանս, որտեղ բոլորս էինք ստեղծում ընթացքը։ Ուրախ եմ, որ դարձա դրա մի մասը»,-ասում է մասնակիցներից Լիանան։

Վարպետության դասերի ավարտին Նիկոլաս Ջաարն անդրադարձել է ստեղծարար գործընթացի անկանխատեսելի բնույթին․ «Ինձ համար ամենահետաքրքիր բանն այն է, երբ ամեն ինչ միավորվում է առանց պլանի և վերահսկման։ Դա դժվար է բացատրել, բայց հենց այդ անհնարինությունն է ինձ ամենաշատը դուր գալիս։ Ուզում եմ, որ իմ ճանապարհը լինի այդպիսին։ Այս օրը ինձ շատ հուզեց, նույնիսկ արցունքներ առաջացան»։
