5 րոպեի ընթերցում
«Մարիա Ղամբարյանը բարձրակարգ դաշնակահար է՝ նուրբ գեղարվեստական ճաշակով, երգեցիկ ձայնատարությամբ, արտիստիկ տեմպերամենտով և գերազանց վիրտուոզ ունակություններով»,-այսպես է արտահայտվել հոբելյարի կատարողական արվեստի մասին 20-րդ դարի երևելի դաշնակարհար և մանկավարժ Լև Օբորինը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 2025-ի հոկտեմբերի 1-ին՝ Ղամբարյանի ծննդյան օրը, Մոսկվայում տեղի է ունեցել երաժշտի 100-ամյակին նվիրված համերգային երեկո, որին Ղամբարյանը ներկա է եղել։ Այդ օրը նրա հարազատները, ուսանողները և գործընկերները հույս են հայտնել, որ Ղամբարյանի ծննդավայրում՝ Երևանում, նույնպես կկազմակերպվի նման միջոցառում:
Երևանյան համերգը, որն օրերս անցկացվել է «Արամ Խաչատրյան» համերգասրահում, կազմակերպել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։
Համերգի նախաձեռնությունը Ղամբարյանի երիտասարդ գործընկեր, համախոհ, թավջութակահար և համերգի մենակատար Գլեբ Ստեպանովինն է եղել:
Նա նշում է, որ Ղամբարյանի հետ ծանոթ է արդեն երկար տարիներ։ «Բախտ եմ ունեցել տիկին Ղամբարյանի հետ բազմիցս նվագել կամերային անսամբլում: Մենք կատարել ենք Մոցարտի, Շումանի և Շոպենի ստեղծագործությունները։ Մեր համատեղ համերգները տեղի են ունեցել Մոսկվայի կոնսերվատորիայում, ինչպես նաև Մոսկվայի ու Ռուսաստանի այլ քաղաքների տարբեր համերգասրահներում։ Բազմիցս ելույթ եմ ունեցել անսամբլում նրա ուսանողների հետ Մոսկվայի կոնսերվատորիայում ուսանելու տարիներին: Տիկին Ղամբարյանի ծննդյան հարյուրամյակի առթիվ Մոսկվայում տեղի ունեցած համերգից հետո որոշեցի նրա ցանկությունն ի կատար ածել։ Կապ հաստատեցի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգային բաժնի հետ և անմիջապես դրական արձագանք ստացա, որի արդյունքը եղավ երևանյան համերգը, ինչի համար շատ ուրախ եմ և երախտապարտ Ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավարությանը: Համերգի մյուս մենակատարի՝ դաշնակահար Ալեքսեյ Ստարիկովի հետ փորձեցինք ծրագրում ներառել այնպիսի կոմպոզիտորների, որոնց արվեստը հոգեհարազատ է հոբելյարին և որոնց ստեղծագործությունների կարկառուն մեկնաբանողն է եղել հենց ինքը՝ Ղամբարյանը: Օրինակ՝ Լիստի «Կամպանելլա»-ն, Բեթհովենի սոնատները և Չայկովսկու տարբեր ստեղծագործություններ»,-պատմում է Ստեպանովինը։
Մարիա Ղամբարյանը Հայկական ԽՍՀ վաստակավոր (1965) և Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ է (2005), ինչպես նաև արժանացել է Մովսես Խորենացի մեդալի (2016) և «Կոմիտաս» հուշամեդալի՝ (2015) երաժշտական արվեստի ոլորտում մատուցած ծանրակշիռ ծառայությունների համար: Ղամբարյանը 1956-1960 թվականներին դասավանդել է Լենինգրադի կոնսերվատորիայում, 1960-ից Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր է։
Ղամբարյանի մասնագիտական ճանապարհի սկիզբը խոստումնալից է եղել, բայց՝ խոչընդոտներով լի: Երևանում պատանի դաշնակահարուհուն նկատել է Մոսկվայի կենտրոնական երաժշտական դպրոցի ուսուցիչ Աբրամ Շացկեսը և պնդել, որ Մարիան տեղափոխվի Մոսկվա և շարունակի ուսումն իր դասարանում: Ավելի ուշ նա ապաստան է տալիս ուսանողուհուն և նրա մորը, երբ Մարիայի հորը՝ քիմիկոս, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հիմնադիր Ստեփան Ղամբարյանին ձերբակալում են և ընտանիքը մնում է անօգնական վիճակում։ Ստեփան Ղամբարյանը յոթ տարի է անցկացրել ճամբարներում, իսկ Մարիա Ղամբարյանը հեռացվել է բոլոր միջազգային մրցույթների լսումների ցուցակներից, ինչն, իհարկե, բացասական կերպով ազդել է նրա կարիերայի վրա։
Մարիա Ղամբարյանը փայլուն ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան՝ սովորելով Կոնստանտին Իգումնովի դասարանում, ասպիրանտուրայի ընթացքում սովորել է Հենրիխ Նեյհաուզի դասարանում: Որպես Լենինգրադի ֆիլհարմոնիայի մենակատար՝ 1952-ից դաշնակահարուհու անունը սկսել է հայտնվել համերգային ազդագրերում:
Ղամբարյանը կատարել է Կոմիտասի ստեղծագործությունների փոխադրումներ կամերային անսամբլների համար, իր մենահամերգային ծրագրերում միշտ ներառել է Կոմիտասի և այլ հայ կոմպոզիտորների դաշնամուրային ստեղծագործությունները։