Բուլղարիայի նախագահը պաշտոնաթողության մասին դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան
1 րոպեի ընթերցում

Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը պաշտոնաթողության մասին դիմում է ներկայացրել երկրի Սահմանադրական դատարան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BTA գործակալությունը՝ վկայակոչելով նախագահի մամուլի քարտուղարին։
BTA-ն նշում է, որ նա Բուլղարիայի միակ նախագահն է, որը հրաժարվում է պաշտոնից նախքան ժամկետի լրանալը։
Սահմանադրական դատարանը որոշում կկայացնի առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում, որից հետո Ռադևի լիազորությունները նախագահի պաշտոնում կդադարեցվեն և կփոխանցվեն փոխնախագահ Իլիանա Յոտովային, որը նախագահի պարտականությունները կկատարի մինչև Ռադևի մանդատի ավարտը՝ 2027 թ. հունվար։
Հրաժարական տալու մտադրության մասին Ռադևը հայտարարել էր հունվարի 19-ին ազգին հղած իր ուղերձում։ Նրա խոսքով՝ իր ղեկավարությամբ Բուլղարիան ավարտել է եվրաինտեգրման գործընթացը՝ մտել է Շենգենյան գոտի և եվրոգոտի, սակայն վերջին ժամանակներս ինքը բախվել է մի քանի լուրջ կառավարական ճգնաժամերի։