Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 107-ամյակը նշվեց բանաստեղծուհու ոգով՝ շատ հյուրերով ու Վանա ուտեստների մատուցմամբ
2 րոպեի ընթերցում

Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում նշվեց բանաստեղծուհու ծննդյան 107-ամյակը։
«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ Կապուտիկյանի տուն-թանգարանի ղեկավար Արմենուհի Դեմիրճյանը նշեց, որ բանաստեղծուհին շատ է սիրել իր ծննդյան օրը նշել մեծ շուքով և շատ հյուրերով՝ հարազատների և ընկերների ընկերակցությամբ:
Ըստ նրա՝ օրը շատ խորհրդանշական տոնի վերածվեց, քանի որ և՛ իր սիրելի ուտեստներն են հյուրասիրելու, և՛ գեղեցիկ համերգ է լինելու, որի ընթացքում կներկայացվի բանաստեղծուհու «Խոսք իմ որդուն» ստեղծագործության հիման վրա գրված նոր երգը:
«Իր ծննդյան օրը Կապուտիկյանը միշտ իր հյուրերին մատուցել է ավանդական հայկական ուտեստներ՝ հատկապես Վանի ավանդական ճաշեր, որոնց թվում իր առանձնահատուկ տեղն է ունեցել քյալագյոշ ուտեստը, որը համարվում է Վանի հայտնի և առողջարար ուտեստներից մեկը: Նշեմ, որ Սիլվա Կապուտիկյանը գնալով ավելի մեծ սեր ու համբավ է վայելում մեր ժողովրդի մեջ, և մենք որոշեցինք մեկտեղել Վանա ուտեստների համտեսը, համերգային ծրագիրն ու Էջմիածնի 5-րդ դպրոցի աշակերտների աշխատանքների ցուցադրության բացումը»,- նշեց Դեմիրճյանը:
Նա ընդգծեց՝ փորձել են վերականգնել բանաստեղծուհու կենդանության օրոք իր ծննդյան օրը նշելու ավանդույթները: Սա նաև առիթ է երիտասարդ սերնդին ցույց տալու և օրինակ ծառայելու, թե ինչքան շատ է արժևորել Սիլվա Կապուտիկյանը հայկական ավանդույթների, ավանդական ուտելիքների և մշակույթի պահապանումը:
Կոմիտասի անվան պանթեոնում բանաստեղծուհու ծննդյան օրվա կապակցությամբ բանաստեղծուհու շիրիմին իրականացվել է ծաղկեդրման արարողություն։