Պատմության թանգարանում վերաբացվեց «Հայաստանը 19-րդ դարում» խորագրով ցուցադրությունը
2 րոպեի ընթերցում

Պատմության թանգարանում հունվարի 20-ին վերաբացվեց «Հայաստանը 19-րդ դարում» խորագրով մշտական ցուցադրությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես ներկայացրեց Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Պողոսյանը, այս մշտական ցուցադրության հատվածը նախագծվել և իրականացվել է նախորդ տարվա ընթացքում։

«Ներկայացված են մոտ 200 տարբեր տիպի նմուշներ․կան գորգեր, կարպետներ, ազգային տարազներ, արդուզարդի պարագաներ, զենքեր։ Ունենք պատմական վավերագրեր, հետաքրքիր տեխնոլոգիական լուծումներ, որոնք շարունակվել են այլ հատվածների կոնտեքստում, բայց փորձել ենք նաև որոշակի նորարարական ձևերով ներկայացնել»,-ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ ներկայացված են նաև ինտերակտիվ քարտեզներ, որոնց միջոցով հնարավոր կլինի տեսնել պատմական իրադարձությունների ընթացքում սահմանների փոփոխությունները։

Հայաստանի տարբեր պատմազգագրական շրջաններն ընդգրկող ցուցանմուշների շարքում ներկայացված են ազգային տարազներ, նրբաճաշակ զարդեր, ձեռագործ գորգեր, բազմատեսակ աշխատանքային գործիքներ, ավանդական կենցաղային իրեր, վավերագրեր, դրամներ, մեդալներ և այլն։

Դրանց թվում են Էրզրումի բերդի բանալին, մեծանուն զորավար Անդրանիկ Օզանյանի թուրը, ինչպես նաև 1896 թվականի արտադրության կոնյակը՝ շշալցված Երևանում հայտնի գործարար Ներսես Թաիրովի գործարանում։