Եվրոպա

Լոնդոնում մեկնարկելու է Daily Mail-ի դեմ արքայազն Հարիի և Էլթոն Ջոնի դատական հայցի քննությունը

2 րոպեի ընթերցում

Լոնդոնում մեկնարկելու է Daily Mail-ի դեմ արքայազն Հարիի և Էլթոն Ջոնի դատական հայցի քննությունը

Արքայազն Հարին հունվարի 19-ին ներկայանա Լոնդոնի Բարձրագույն դատարան, որտեղ սկսվելու է իր անձնական կյանքի անձեռնմխելիության հայցով դատավարությունը «Daily Mail»-ի հրատարակչի դեմ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությունը, սա վերջին տարիներին Մեծ Բրիտանիայում քննվող ամենաաղմկահարույց գործերից մեկն է։

Բրիտանական թագավորական ընտանիքի անդամը, վեց այլ անձանց, այդ թվում և 78-ամյա հայտնի փոփ աստղ Էլթոն Ջոնի հետ միասին դատի են տվել «Associated Newspapers»-ին՝ անօրինական վարքագծի համար, սկսած իրենց բջջային հեռախոսների ձայնային հաղորդագրությունները լսելուց մինչև անձնական տեղեկատվության, ինչպիսիք են ֆինանսական կամ բժշկական տվյալները, խաբեությամբ ձեռք բերելը։

«Associated Newspapers»-ը, որին, ի թիվս այլ պարբերականների, պատկանում են «Daily Mail»-ը և «the Mail on Sunday»-ը, մերժել է բոլոր մեղադրանքները՝ անվանելով դրանք անհեթեթ զրպարտություններ և պնդելով, որ դրանք մամուլի դեմ համակարգված դավադրության մաս են կազմում։

Ակնկալվում է, որ դատավարությունը կշարունակվի ինը շաբաթ։

Հարրիի համար սա բրիտանական տաբլոիդների դեմ իր իրավական պատերազմի վերջին փուլն է։ Նա հայտարարել էր, որ իր առաքելությունն է մաքրել մամուլը և պատասխանատվության ենթարկել բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնողներին։

Նա արդեն հաջողության է հասել մի քանի բրիտանական մեդիա ընկերությունների դեմ դատական գործերում։

Արքայազն Հարին, որը վաղուց է մեղադրում մամուլին 1997 թվականին Փարիզում տեղի ունեցած ավտովթարի ժամանակ մոր՝ արքայադուստր Դիանայի մահվան համար, քանի որ  նրա մեքենան մեծ արագությամբ հեռացել էր լուսանկարիչներից, պետք է ցուցմունք տա հունվարի 22-ին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում