«Մատենադարանի գեղանկարչական դիմագիծը» ցուցահանդեսը բացահայտում է կառույցի չհանրայնացված կողմը
3 րոպեի ընթերցում

«Մատենադարանի գեղանկարչական դիմագիծը» խորագրով ցուցադրությունը, որի առանցքում գեղանկարներն են, բացահայտում է կառույցի մինչ այժմ երբևէ չուսումնասիրված կողմը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսում, որի բացման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ հունվարի 16-ին, ներկայացված է անծանոթ հավաքածու, ներառված են հատընտիր նմուշներ։ Արվեստասերները ցուցասրահում կտեսնեն Հրաչյա Ռուխկյանի, Փանոս Թերլեմեզյանի, Գևորգ Բաշինջաղյանի, Անդրե Սևրուգյանի, Սեդա Կարագյոզյանի, Ժասմեն Սարաբյանի, Մհեր Աբեղյանի և այլ հեղինակների ինքնատիպ գեղանկարչական աշխատանքներ, ինչպես նաև բացառիկ ձեռագրեր ու լուսանկարներ։
«Մենք որդեգրել ենք Մատենադարանն իր ամբողջ գունապնակով ցուցադրելու քաղաքականությունը։ Ինքներս էլ Մատենադարանում աշխատելով՝ չենք կարող ասել, որ լավ ենք ճանաչում այն։ Մենք չգիտեինք, որ ունենք շքեղ լուսանկարչական հավաքածուներ, որոնց նվիրված երկու ցուցադրություն կազմակերպեցինք։ Շատերս չգիտեինք, որ ունենք նման գեղանկարչական աշխատանքներ, արվեստի գործեր։ Այս արժեքները ներկայացնելով՝ ոչ միայն ակնկալում ենք այցելուների հիացումը, այլև խնդրում ենք ընդունել սա նաև որպես փորձագիտական ցուցադրություն և ակնկալում ենք ներկաների մասնագիտական կարծիքը»,-նշեց Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն ու հավելեց՝ ցուցադրությունների նման ուղղությունը պետք է լինի կայուն, քանի որ այն մեծ հետաքրքրություն է առաջացնում Մատենադարանի հանդեպ և հերթական անգամ ապացուցում է, որ այն անհատակ գանձարան է։

Խզմալյանն ընդգծեց, որ ցուցադրված բոլոր նմուշներն են յուրօրինակ, սակայն բացառիկ համարեց անհայտ հեղինակի մի աշխատանք, որը պատկերում է Մատենադարանի կառուցման նախնական շրջանը, երբ դեռ «Մայր Հայաստան» հուշարձանի փոխարեն կանգնեցված է եղել Իոսիֆ Ստալինի քանդակը։ «Նկարի ճակատագիրը կապված է հենց այդ արձանի հետ։ 1953 թվականից հետո, երբ արձանը հանում են, նկարիչը տանից դուրս է բերում այս կտավը, որը հայտնվում է մեկ ուրիշ մարդու մոտ, իսկ մենք այն ձեռք ենք բերել մեկ այլ սեփականատիրոջից։ Ես շատ տպավորված եմ այս կտավով, քանի որ բացի գեղարվեստական արժեքը, այն նաև լուրջ փաստագրական նշանակություն ունի։ Ինձ հայտնի չէ որևէ լուսանկար կամ մեկ այլ վավերացում, որտեղ Մատենադարանն այդ շրջանում ամրագրված է»,-ընդգծեց Խզմալյանը։
Մատենադարանում պահվող գեղանկարները Մատենադարան են հասել անհատական ֆոնդերի միջոցով, նվիրատվությունների արդյունքում, ինչպես նաև վերջին տարիներին իրականացված ձեռքբերումների շնորհիվ։ Այս բազմազան ուղիները պայմանավորել են հավաքածուի ոճական և ժանրային լայն ընդգրկումը՝ արտացոլելով տարբեր ժամանակաշրջանների ու գեղարվեստական մտածողությունների շերտեր։