Քաղաքականություն

TRIPP-ի շուրջ պայմանավորվածությունները պետք է արագ ամրագրվեն դե յուրե․ վարչապետ

3 րոպեի ընթերցում

TRIPP-ի շուրջ պայմանավորվածությունները պետք է արագ ամրագրվեն դե յուրե․ վարչապետ

Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների անունից տարածված TRIPP-ի իրագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը խաղաղության գործընթացի հերթական անկյունաքարային փաստաթուղթն է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2025 թվականի օգոստոսի 8-ի հայտարարությունից հետո սա հաջորդ կարևոր քայլն է, որով խաղաղության գործընթացի առանցքային և սկզբունքային հարցերից մեկը՝ տարածաշրջանային հաղորդակցության ապաշրջափակումը, լուծում է ստանում շրջանակային մակարդակում՝ հասցեագրելով բոլոր հիմնարար հարցերը։

«Հայտարարության իմաստը և գործնական նշանակությունն այն է, որ խաղաղությունը շատ կոնկրետ և գործնական քայլերով հաստատվում է մեր հանրապետությունում և մեր տարածաշրջանում և այն այլևս գործնական իրականություն և իրողություն է»,- նշեց նա։

Փաշինյանը շեշտեց, որ անհրաժեշտ է խնամքով վերաբերվել հաստատված խաղաղությանը՝ ընդգծելով, որ Հայաստանը որպես պետություն և հասարակություն պատմականորեն չի ապրել երկարատև խաղաղության պայմաններում, և այդ գործընթացը նոր մշակույթ ու մտածողություն է պահանջում։

«Մեր լեզվամտածողության և արտահայտությունների մեջ դեռ շատ ուժեղ է կոնֆլիկտի տրամաբանությունը, և խաղաղությունը շատ դանդաղ է մուտք գործում մեր գիտակցություն։ Սա նորմալ է՝ հաշվի առնելով վերջին 35 տարիների փորձը, սակայն կարևորն այն է, որ գետնի վրա արդեն կան իրողություններ, որոնք պետք է նպաստեն խաղաղության սոցիալ-հոգեբանության ձևավորմանը»,-ասաց նա։

Վարչապետի խոսքով՝ միևնույն ժամանակ առկա է մեծ ծավալի գործնական աշխատանք։  

Նա նշեց, որ TRIPP-ի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է հնարավորինս արագ ամրագրվեն դե-յուրե համաձայնագրերի տեսքով։

«Մենք պետք սկսենք աշխատել համաձայնագրերի նախագծերի շուրջ արդեն անհրաժեշտ և նաև իրավական որոշումների վրա։ Մասնավորապես, TRIPP անունով ընկերությունը պետք է ստեղծվի Հայաստանի Հանրապետությունում։ Նաև պետք է սահմանենք երթուղիները, կառուցապատման իրավունքները, հողի օգտագործման և շինարարության թույլտվությունները»,- ասաց նա՝ հավելելով, որ պետական կառույցները պետք է արդեն այսօրվանից պատրաստվեն առաջիկա գործընթացներին։

Ավելի վաղ՝ հունվարի 13-ին, Վաշինգտոնում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել էր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են 2025 թվականի օգոստոսի 8-ին կայացած վաշինգտոնյան խաղաղության գագաթաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը՝ ընդգծելով խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացիայի կարևորությունը։

ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը հաստատել են նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ծրագրի համար Հայաստան–ԱՄՆ կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում