Քաղաքականություն

ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ նոր հայտարարությամբ կանաչ լույս է վառվում տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղության համար. Փաշինյան

4 րոպեի ընթերցում

ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ նոր հայտարարությամբ կանաչ լույս է վառվում տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղության համար. Փաշինյան

Վաշինգտոնում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից ստորագրված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի իրականացման վերաբերյալ հայտարարությունը տալիս է դրա հետ կապված բոլոր հարցերի պատասխանները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՄԱՀՀԻ  անվտանգային ֆորումի շրջանակում «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագիրը կրող քննարկման ժամանակ նշել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ակնհայտ է, որ ԹՐԻՓՓ նախագծի հետ կապված այն բաց հարցերը, որոնք կային օգոստոսի 8-ի վաշինգտոնյան հռչակագրի ընդունումից հետո, ստանում են պատասխաններ, և շատ կարևոր է, որ մենք ունենք բանաձև, որը լիարժեք բավարարում է և պիտի բավարարի Հայաստանին, բնականաբար, լիարժեք բավարարում է ԱՄՆ-ին, իմ կարծիքով՝ նաև Ադրբեջանին։ Իհարկե, նրանք կարձագանքեն՝ կտեսնենք, և, ըստ էության, սրանով կանաչ լույս է վառվում տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղություն հաստատելու համար»,-շեշտեց Հայաստանի վարչապետը։

Փաշինյանը ընդգծեց Հայաստանի բոլոր գործընկերների դերը այս նախագծի իրագործման մեջ՝ հատկապես առանձնացնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը, որի անձնական հետաքրքրվածությունն ու ներգրավվածությունը, վարչապետի խոսքով, վճռորոշ նշանակություն է ունեցել։

«Հիմա մեզ հարկավոր է արդեն մտածել հետագա քայլերի մասին։ Ակնհայտ է, որ հիմա մեր տարածաշրջան են ներհոսելու մեծ ներդրումներ և մեծ փողեր, և դա շատ լավ նորություն է։ Ակնհայտ է նաև այն, թե ինչ ներգրավվածություն է ունենալու Միացյալ Նահանգները։ Կարծում եմ, որ ԵՄ-ի մեր գործընկերների հետ պետք է մանրամասն քննարկենք նաև Եվրամիության ներգրավվածության ձևաչափերը և կոնկրետ նախագծերը, ինչով մենք շատ շահագրգռված ենք»,-ընդգծեց ՀՀ վարչապետը։

Հունվարի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպել են Վաշինգտոնում՝ հրապարակելու «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) իրականացման շրջանակը։ Այս փաստաթուղթը նոր քայլ է 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ձեռք բերված հանձնառությունների կյանքի կոչման ուղղությամբ՝ Հարավային Կովկասում հարատև խաղաղության գործին նպաստելու համար։

Շրջանակն ուրվագծում է ԹՐԻՓՓ-ի գործարկման կոնկրետ ուղին, որը նախատեսված է Հայաստանի տարածքով անխոչընդոտ, մուլտիմոդալ տարանցիկ փոխկապակցվածության հաստատման համար։ Կապելով Ադրբեջանի հիմնական մասն իր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ և ստեղծելով Տրանս-Կասպյան առևտրային երթուղու կենսական օղակ՝ ակնկալվում է, որ ԹՐԻՓՓ-ը միջազգային և ներպետական փոխկապակցվածության փոխադարձ առավելություններ կստեղծի Հայաստանի Հանրապետության համար։

Արտացոլելով 2025 թվականի օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի կողմից հյուրընկալած պատմական Խաղաղության գագաթաժողովում հաստատված սկզբունքները՝ ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակն ընդգծում է ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և փոխադարձության կարևորությունը ԹՐԻՓՓ-ի ընդհանուր հաջողության համար: ԹՐԻՓՓ-ի վերջնական նպատակն է ամրապնդել Հայաստանի և Ադրբեջանի բարգավաճումն ու անվտանգությունը և խթանել ամերիկյան առևտուրն՝ ընդլայնելով տարածաշրջանային առևտուրն ու փոխկապվածությունը, ինչպես նաև ստեղծելով Կենտրոնական Ասիան և Կասպից ծովը Եվրոպային կապող նոր տարանցիկ հնարավորություններ:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում