Գրենլանդիայի վարչապետը հայտարարել է, որ կղզին չի ցանկանում դառնալ ԱՄՆ-ի մաս
1 րոպեի ընթերցում

Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը հայտարարել է, որ կղզին չի ցանկանում ԱՄՆ-ի մաս կազմել՝ ընդգծելով, որ Գրենլանդիան ձգտում է մնալ Դանիայի կազմում և խաղաղ համագործակցություն զարգացնել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին ասել է Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Գրենլանդիայի կառավարության ղեկավարը կրկնել է, որ գրենլանդացիները չեն ցանկանում լինել ԱՄՆ-ի կազմում և որպես իրենց ընտրություն տեսնում են Դանիան ու ՆԱՏՕ-ն։ «Մեր նպատակն ու ցանկությունը խաղաղ երկխոսությունն է՝ ուղղված համագործակցությանը, միջազգային իրավունքին և սեփական տարածքի նկատմամբ մեր իրավունքին»,– ասել է Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը։
Նրա խոսքով՝ այս դիրքորոշումը Գրենլանդիայի իշխանությունները ներկայացրել են առաջին իսկ օրերից։
«Մենք համագործակցություն ենք ուզում, դաշինք ենք ուզում, և հենց դրա վրա է հիմնված մեր դիրքորոշումը»,– հավելել է նա։
Նիլսենը կրկնել է նաև, որ Գրենլանդիան վաճառքի ենթակա չէ։