Իրավունք

«Ֆեյսբուք»-ում ներկայանալով կեղծ անհատական էջերով՝ մի շարք անձանցից հափշտակել են խոշոր չափով գումար. նախաքննությունն ավարտվել է մեկ անձի մասով

2 րոպեի ընթերցում

«Ֆեյսբուք»-ում ներկայանալով կեղծ անհատական էջերով՝ մի շարք անձանցից հափշտակել են խոշոր չափով գումար. նախաքննությունն ավարտվել է մեկ անձի մասով

Պարզվել է, որ 2021 թվականի փետրվարից մինչև 2024 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում Վ․Ս․-ն և Դ․Գ․-ն «Ֆեյսբուք»-ում ստեղծել են հիմնականում ԱՄՆ-ում բնակվող հայրենակիցների լուսանկարներով կեղծ անհատական էջեր, որոնց միջոցով ներկայացել են այդ անձանց ընկերներին և բարեկամներին և տարբեր պատրվակներով գումարներ պահանջել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից, մանրամասնելով, որ արդյունքում Վ․Ս․-ն և Դ․Գ․-ն հափշտակել են իրենց կողմից նախապես ստեղծված էլեկտրոնային դրամապանակներին ու բանկային քարտերին ստացված՝ ընդհանուր 686 հզր 320 ՀՀ դրամը։ 

Բացի այդ, 2021 թվականից 2023 թվականն ընկած ժամանակաշրջանում Վ․Ս․-ն և Դ․Գ․-ն նախնական համաձայնության գալով առանձնապես խոշոր չափերով գույքի ձեռքբերման աղբյուրը խեղաթյուրելու, այդ գույքին օրինական տեսք հաղորդելու և իրենց կատարած հափշտակությունների համար քրեական պատասխանատվությունից խուսափելու շուրջ, կատարել են առանձնապես խոշոր չափերով՝ 10 մլն 542 հզր 500 ՀՀ դրամի փողերի լվացում:

Վ․Ս․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խոշոր չափերով խարդախությունը՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը)։

Վերջինիս վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում