Կրթություն

Կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցչի համոզմամբ՝ այն գիտելիքները թարմացնելու և բարձր աշխատավարձի հնարավորություն է

4 րոպեի ընթերցում

Կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցչի համոզմամբ՝ այն գիտելիքները թարմացնելու և բարձր աշխատավարձի հնարավորություն է

Տավուշի մարզի Ոսկեպար բնակավայրի Հ․ Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի հասարակագիտության և հայոց պատմության ուսուցչուհի Գայանե Սիրադեղյանը հաջողությամբ մասնակցել է ուսուցիչների կամավոր ատեստավորմանը, որի արդյունքում ներկայում շուրջ 40 տոկոսով բարձր աշխատավարձ է ստանում։

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ Գայանե Սիրադեղյանը նշեց, որ դպրոցում աշխատում է 2013 թվականից։ Մասնագիտական գործունեության ընթացքում մասնակցել է մի շարք վերապատրաստումների՝ հիմնականում «Հասարակագիտություն»-ից, ուստի ատեստավորմանը որոշեց մասնակցել հենց այդ առարկայից։

«Միշտ ցանկացել եմ լինի այնպիսի հարթակ, որտեղ կարող եմ փորձել իմ գիտելիքները»,- անկեղծացավ ուսուցչուհին՝ անդրադառնալով կամավոր ատեստավորմանը մասնակցելու որոշմանը։  

Նրա խոսքով՝ ատեստավորմանը մասնակցելու որոշման իրագործումը սկզբում հետաձգել է մեկ տարով։

Ինչ վերաբերում է մասնակցելուց առաջ ունեցած մտավախություններին, ուսուցչուհին պատմեց, որ դրանք կապված են եղել հարցաշարի ձևաչափի և բարդության աստիճանի հետ։

Այդուհանդերձ, երկու անգամ մասնակցելով ատեստավորմանը, Սիրադեղյանը համապատասխանաբար վաստակել է սկզբում 65, ապա 81,67 միավոր՝ զգալիորեն բարելավելով նախորդ արդյունքը։  

Հատկանշական է, որ, ինչպես ինքն ընդգծեց, գործընթացին պատրաստվել է նախորդած մոտ 10 օրվա ընթացքում։

Գայանե Սիրադեղյանի խոսքով՝ ըստ վաստակած միավորների սահմանված հավելավճարը տարածվում է նաև դասավանդվող մյուս առարկաների վրա, ինչը լրացուցիչ խթան է ուսուցիչների համար։

Ինչ վերաբերում է թեստերի բարդությանը, ապա մեր զրուցակցի համոզմամբ, դրանք ընդհանուր առմամբ հաղթահարելի են։

Ըստ ուսուցչուհու՝ ատեստավորման գործընթացը նպաստում է ոչ միայն գիտելիքների թարմացմանը, այլև ինքնավստահության բարձրացմանը։

Նա նկատեց, որ թեև տարիներ շարունակ դասավանդվում է նույն նյութը, այդուհանդերձ, ատեստավորումից հետո մատուցման տեսանկյունից ձևավորվում է նոր մոտեցում։

«Ատեստավորումն ունի նաև էական ֆինանսական ազդեցություն։ Եթե նախկինում աշխատավարձը կազմել է մոտ 50-60 հազար դրամ, ապա այժմ՝ այն կարող է կրկնապատկվել կամ քառապատկվել։ Ես արդեն մեկ տարի է՝ 40 տոկոսով ավելի եմ վարձատրվում»,-ասաց Սիրադեղյանը։

Նրա խոսքով՝ նախապատրաստվելու համար անհրաժեշտ նյութերը  ևս առկա են․ գրականության ցանկը տրամադրվում է նախապես, իսկ համապատասխան գրքերը հասանելի են նաև էլեկտրոնային տարբերակով։

Խոսելով հեռավոր բնակավայրում դասավանդելու դժվարությունների մասին՝ ուսուցչուհին նկատեց, որ դրանք հիմնականում կապված են աշակերտների փոքր թվով և արտադասարանական միջոցառումների կազմակերպման հետ։ Ըստ նրա՝ թատրոն, կինո կամ պատմամշակութային վայրեր այցելելը պահանջում է լրացուցիչ ֆինանսական միջոցներ՝ պայմանավորված հեռավորությամբ։

Նրա տեղեկացմամբ՝ իրենց դպրոցից 10-ից ավելի ուսուցիչներ արդեն հաջողությամբ մասնակցել են գործընթացին, այդ թվում՝ անգլերենի մասնագետը, որը հավաքել է 95 միավոր։

«Բոլորն էլ գոհ են, որ համարձակվել և մասնակցել են»,-մանրամասնեց Սիրադեղյանը՝ համոզված խորհուրդ տալով դեռևս չմասնակցած ուսուցիչներին, չվարանել ատեստավորմանը մասնակցելուց։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում