3 րոպեի ընթերցում
Ռուսական հարվածների պատճառով Կիևի հազարավոր տներ մնացել են առանց ջեռուցման են, տեղի են ունեցել էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումներ: Կիևի իշխանությունները բնակիչներին կոչ են անում հնարավորության դեպքում մեկնել մայրաքաղաքից այնտեղ, որտեղ կան էլեկտրաէներգիայի և ջեռուցման այլընտրանքային աղբյուրներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը։
Նշվում է, որ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ քաղաքային ծառայությունները գործում են արտակարգ իրավիճակի ռեժիմով։ Նա միևնույն ժամանակ հավելել է, որ առաջիկա օրերին եղանակային պայմանները դժվար կլինեն։
«Դիմում եմ մայրաքաղաքի բնակիչներին. ովքեր հնարավորություն ունեն ժամանակավորապես մեկնել քաղաքից դուրս, որտեղ կան էլեկտրաէներգիայի և ջեռուցման այլընտրանքային աղբյուրներ, արեք դա», - ասել է Կլիչկոն Telegram-ում տարածած հայտարարության մեջ։
Նշվում է, որ այժմ Կիևի բազմաբնակարան շենքերի կեսը՝ գրեթե 6000-ը, առանց ջեռուցման է մնացել ռուսական հարձակումից հետո մայրաքաղաքի կարևորագույն ենթակառուցվածքներին հասցված վնասի պատճառով։ Բացի այդ, քաղաքում ջրամատակարարման խափանումներ են տեղի ունենում։
Կլիչկոն նաև նշել է, որ կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունները շարժական կաթսայատների միջոցով էլեկտրաէներգիա են մատակարարում սոցիալական հաստատություններին, մասնավորապես՝ հիվանդանոցներին և ծննդատներին. աշխատանք է տարվում նաև բնակելի տների էներգամատակարարումը և ջեռուցումը վերականգնելու ուղղությամբ։
Միևնույն ժամանակ Կլիչկոն խոստովանել է, որ Կիևի վրա գիշերային համակցված հարձակումը ամենաաղետալի էր մայրաքաղաքի կարևորագույն ենթակառուցվածքների համար։
Հունվարի 9-ի գիշերը Ռուսաստանը տարբեր ուղղություններից զանգվածային հարված է հասցրել Կիևին և Կիևի մարզին՝ օգտագործելով տասնյակ հարձակողական անօդաչու թռչող սարքեր, բալիստիկ հրթիռներ և «Կալիբր» թևավոր հրթիռներ։
Ռուսական հարվածների հետևանքով 4 մարդ զոհվել է, 25 մարդ՝ վիրավորվել։ Քաղաքում, ընդհանուր առմամբ, վնասվել է 19 բարձրահարկ շենք։ Հարվածի տակ է հայտնվել նաև Կատարի դեսպանատունը։ Բացի այդ, վնասվել են մանկապարտեզ, տրամվայի կայարան, շոգեքարշ, ավտոմեքենաներ, սուպերմարկետ և բենզալցակայան։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերից ավելի վաղ հայտնել էին, որ ՌԴ-ն գիշերն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 36 հրթիռ և 242 անօդաչու թռչող սարք։ Լվովի մարզի կարևոր ենթակառուցվածքի օբյեկտի վրա Ռուսաստանն արձակել է «Օրեշնիկ» հրթիռ, ինչից հետո Կիևը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի շտապ նիստ է խնդրել։
Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ հարձակումն իրականացվել է՝ ի պատասխան Կիևի կողմից Նովգորոդի մարզում Ռուսաստանի նախագահի նստավայրի վրա հարձակման։ Ուկրաինան հերքել է Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա հարձակման մեղադրանքները։