Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների վճարման խնդիրները լուծվել են, համակարգն աշխատում է. նախարար
2 րոպեի ընթերցում

Հանրապետությունում 2025 թվականի սեպտեմբերից ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման համար գործարկվել էր նոր համակարգ, որն աշխատում էր խնդիրներով։ Քաղաքացիներն իրենց գումարները ստանում էին ուշացումով։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ խնդիրն իրենց ուշադրության կենտրոնում է եղել, այդ ուղղությամբ աշխատել են և արդեն համակարգը բնականոն աշխատում է։
«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների համակարգն ամբողջությամբ բարեփոխվել է։ Մեզ հայտնի այն վարդագույն թերթիկներն այլևս չկան, որոնք վերցնում էինք պոլիկլինիկայից, տանում էինք գործատուի մոտ, հետո հարկայինը գալիս էր ստուգելու, հարցնում էր ո՞ւր են ձեր թերթիկները։ Հիմա այդ ամբողջ գործընթացը չկա, համակարգն արդեն աշխատում է ավտոմատ։ Այո, եղել են խնդիրներ։ Ինչպես բոլոր նոր համակարգերը, այս մեկը նույնպես ուներ խնդիրներ։ Հազարավոր քաղաքացիներ գումարները ստացել են ավելի ուշ, քան նախկինում ստացել են։ Խնդիրներն ընթացքում լուծվել են, և մենք այսօր կարող ենք ասել, որ դեկտեմբեր ամսվա համար մեծամասամբ հարցը փակված է։ Կան դեռ քիչ դեպքեր, երբ քաղաքացիները գումարը չեն ստացել, սակայն դրանք անհատական խնդիրներ են, օրինակ՝ անձի որևէ տվյալ սխալ է լրացվել։ Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ համակարգն արդեն աշխատում է»,-ասաց նախարար Թորոսյանը։
Եթե կան դեպքեր, երբ քաղաքացին սահմանված ժամկետում չի ստացել իր գումարը, ապա նախարարը հորդորեց դիմել նախարարություն։
