Սիրիական բանակի տանկերը շրջափակել են Հալեպի քրդական թաղամասերը
3 րոպեի ընթերցում

Պաշտոնական Դամասկոսի կողմից վերահսկվող ուժերը տանկերով շրջափակել են Հալեպի քրդական թաղամասերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել «Սիրիայի ժողովրդավարական ուժեր»-ի կազմավորումների մամուլի ծառայությունը։
«Դամասկոսի կառավարական ուժերը դիմել են Շեյխ Մաքսուդ թաղամասի արգելափակմանը, որը ուղեկցվում է ինտենսիվ հրետակոծությամբ և տանկերի միջոցով թաղամասերի շրջապատմամբ, ինչպես նաև լայնածավալ հարձակման ուղղակի սպառնալիքներով»,- նշվում է հաղորդագրությունում։
Սիրիայի պաշտոնական իշխանություններն էլ պնդում են, որ հակառակորդի մարտիկները շարունակում են հարվածներ հասցնել քաղաքի բնակելի թաղամասերին և մարդասիրական միջանցքներին, որոնք մարտական գոտուց հեռանալ ցանկացող խաղաղ բնակիչների համար բացվել էր պարետային ժամի ուժի մեջ մտնելուց առաջ։ Սիրիական բանակի հրամանատարությունը Երևանի ժամանակով 17:00-ից սկսած պարետային ժամ է հայտարարել Հալեպի Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիա քրդական թաղամասերում։
Հունվարի 7-ին Սիրիայի լրատվական գործակալությունը հայտնել է, որ նախօրեին կնքված ժամանակավոր հրադադարից հետո Հալեպի քրդական թաղամասերում վերսկսվել են զինված բախումները։
Հալեպի քրդաբնակ շրջանների ծայրամասում հունվարի 6-ին ռազմական բախումներ են տեղի ունեցել «Սիրիայի ժողովրդավարական ուժեր»-ի քրդական կազմավորումների և սիրիական բանակի ստորաբաժանումների միջև: Կողմերը միմյանց մեղադրել են բնակելի թաղամասերը հրետակոծելու համար, ինչի արդյունքում քաղաքացիական 4 անձ սպանվել է, իսկ 26-ը՝ վիրավորվել են։ Նույն օրը երեկոյան բանակցությունների միջոցով հրադադար էր հաստատվել։ Համանման բախում էր տեղի ունեցել նաև դեկտեմբերի 23-ին։
Սիրիայում 2024 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Հալեպի Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիա թաղամասերը մնացել էին «Սիրիայի ժողովրդավարական ուժեր»-ի քրդական կազմավորումների վերահսկողության ներքո։ 2025 թվականի ապրիլին «Սիրիայի ժողովրդավարական ուժեր»-ի և Սիրիայի կառավարության միջև կնքված համաձայնագրի շրջանակներում սկսվել էր քրդական կազմավորումների դուրսբերումը այդ շրջաններից, որոնցում ուժեղացվել էր Սիրիայի անվտանգության ուժերի վերահսկողությունը և սահմանափակվել էր հասանելիությունը քաղաքի որոշ հատվածներ: Չնայած դրան, Շեյխ Մաքսուդ շրջանում պահպանվում է տեղական ուժերի ակտիվությունը։ Իրավիճակը պարբերաբար լարվում է քրդերի և կառավարական ուժերի միջև բախումների և պաշտոնական կառույցների կողմից տեղաշարժի սահմանափակման պատճառով: