Խուլիգանության դեպքի մասնակիցներից մեկը բենզին է լցրել մյուսի վրա. նախաքննությունն ավարտվել է

1 րոպեի ընթերցում

Ավարտվել է սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից, նշելով, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է՝ 2025 թվականի մայիսի 9-ին մի խումբ անձինք մեկնել են Ա.Մ.-ի բնակության հասցե, նրա հասցեին հնչեցրել հայհոյանքներ, իսկ վերջինս բենզին է լցրել նրանցից մեկի վրա և կրակայրիչով այրել։

Ա․Մ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձը):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և գրավը։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Խուլիգանության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 

Հայերեն