Աշխարհ

Մահացել է Բրիժիտ Բարդոն

2 րոպեի ընթերցում

Մահացել է Բրիժիտ Բարդոն

91 տարեկանում մահացել է լեգենդար ֆրանսիացի կինոդերասանուհի ու ֆոտոմոդել Բրիժիտ Բարդոն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Paris Match-ը։ 

«Այս կիրակի՝ դեկտեմբերի 28-ի առավոտյան, Բրիժիտ Բարդոն լքեց մեզ։ 

Ֆրանսիական կինոյի պաշտամունքային դեմքը, ազատության և արդիականության խորհրդանիշ Բրիժիտ Բարդոն անջնջելի հետք է թողել», - գրում է պարբերականը։

Բրիժիտ Բարդոն ծնվել է 1934 թվականին, Փարիզում։ Առաջին անգամ նկարահանվել է ռեժիսոր Վիլլի Ռոզիեի «Մանինան՝ առանց քողի աղջիկը» ֆիլմում 1952 թվականին։ Ռեժիսոր Միշել Բուարոնի «Չարաճճի աղջիկը» կինոնկարում (1955) երկրորդական դերակատարումից հետո նա հռչակ ձեռք բերեց Մարկ Ալեգրեի «Փետրաթելով մարգարտածաղիկը» (1957) և հատկապես Ռոժե Վադիմի «Եվ Աստվածը ստեղծեց կնոջը» ֆիլմերի շնորհիվ (1956)։

Բարդոյի լավագույն կատարումները կարելի է տեսնել Ռենե Կլերի «Մեծ զորավարժություններ» (1956), Կլոդ Օտան- Լարայի «Դժբախտության դեպքում» (1958), Քրիստիան- Ժակի «Բաբետան գնում է պատերազմ» (1959), Ռոժե Վադիմի «Գիշերային գոհարավաճառները» (1958), «Սանձը վզին» (1961) և «Զինվորի հանգիստը» (1962), Հանրի-Ժորժ Կլուզոյի «Ճշմարտությունը» (1960), Միշել Բուարոնի «Հռչակավոր սիրային պատմությունները» (1961), Յուրի Մալլի «Անձնական կյանք» (1961) և «Վիվա Մարիա» (1964), Ժան-Լյուկ Գոդարի «Արհամարհանքը» (1963), Միշել Դեվիլի «Արջը և տիկնիկը» (1970), Ռոբերտ Էնրիկոյի «Ռոմի պողոտան» (1971), Նինա Կոմպանեզի «Կոլին Տրուս-Շեմիսի շատ չքնաղ և զվարճալի պատմությունը» (1974), Ռոժե Վադիմի «Դոն Ժուան» (1973) և այլ կինոնկարներում։

1950-ական թվականներին Եվրոպայում համարվում էր «սեքս-խորհրդանիշ», ինչպես Մերիլին Մոնրոն ԱՄՆ-ում։ Շոու-բիզնեսում իր 21-ամյա կարիերայի ընթացքում նկարահանվել է 48 ֆիլմերում, ձայնագրել է 80 երգ, հանդես է եկել տարբեր երաժշտական շոուներում։

 

 

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում