Մշակույթ

Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբն այսուհետ կկոչվի Հովհաննես Չեքիջյանի անունով

2 րոպեի ընթերցում

Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբն այսուհետ կկոչվի Հովհաննես Չեքիջյանի անունով

Կառավարության դեկտեմբերի 25-ի նիստում հավանության է արժանացել «Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբ» ՊՈԱԿ-ը «Հ. Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ» ՊՈԱԿ-ի վերանվանելու հարցը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, փոփոխության նպատակն է այդկերպ արժևորել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, պրոֆեսոր, մաեստրո Հովհաննես Չեքիջյանի երկարամյա վաստակը:

Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը հիմնադրվել է 1937 թվականին՝ որպես 25-30 հոգուց բաղկացած Հայֆիլհարմոնիայի կոլեկտիվ։ 1961 թվականից ի վեր երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր է մաեստրո Հովհաննես Չեքիջյանը։ 1969 թվականից երգչախումբն արժանացել է «Ակադեմիական» կոչմանը, 1975 թվականից հանրապետության վաստակավոր կոլեկտիվ է: 2012 թվականի նոյեմբերի 15-ին Կառավարության որոշմամբ երգչախմբին շնորհվել է «Ազգային» կարգավիճակ։ 

Չեքիջյանի գլխավորությամբ երգչախումբը ելույթներ է ունեցել աշխարհի 184 լավագույն համերգային հարթակներում՝ Փարիզում, Լոնդոնում, Նյու Յորքում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և այլն: Այս տարիների ընթացքում երգչախումբը Հայաստանից դուրս ունեցել է 866 համերգ: 

Մաեստրոյի ղեկավարած երգչախումբը ելույթներով հանդես է եկել նաև ճանաչված 69 սիմֆոնիկ նվագախմբերի հետ, որոնց թվում են ԽՍՀՄ պետական ակադեմիական սիմֆոնիկ, Սանկտ Պետերբուրգի ակադեմիական սիմֆոնիկ և «Բոլշոյ» թատրոնի նվագախմբերը:

Շարունակելով հայ դասական խմբերգային երաժշտության լավագույն ավանդույթները՝ Հովհաննես Չեքիջյանի օրոք երգչախումբը հասել է հայ խմբերգային արվեստի չգերազանցված մակարդակի, դարձել հայկական և համաշխարհային դասական խմբերգային երաժշտության լավագույն մեկնաբանը։ 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում